Yerkir.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ բոնուսային համակարգի ներդրման մեջ քաղաքական հիմք կա:

Նշենք, որ բոնուսային համակարգը ենթադրում է ընդդիմությանը հատկացնել ԱԺ տեղերի 1/3-ը:

Ըստ Միրզոյանի` բոնուսային համակարգը, սկսած կայուն մեծամասնությունից,  ընդդիմության 1/3-րդ ներկայացվածությունից, որոշակիորեն անտրամաբանական է: «Թեև նաև փաստարկներ կան դրա օգտին, բայց եթե նույնիսկ ինչ-որ փուլի մենք պետք է անդրադառնանք դրան և վերացնենք այդ համակարգը, դա վստահաբար այս օրը չէ, որովհետև բազմաթիվ մեղադրանքներ կարող են հնչել կառավարությունը կազմող ուժի հասցեին, որ գնում է խորհրդարանական ընտրությունների և վերացնում ընդդիմության` առնվազն 1/3 ներկայացված լինելու դրույթը»,- հայտարարեց նա:

Վարչապետ Փաշինյանն էլ անդրադարձավ նրան, որ շատ է խոսվում  այն մասին, որ ԸՕ-ն որոշակի ժամանակ պետք է ունենա, որ հանրությունը դրա նրբություններին ծանոթանա: «Ուզում եմ ընդգծել, որ այս ԸՕ բոլոր փոփոխություններն արվել են պարզեցման ուղղությամբ: Մենք չխոսեցինք քվեարկության ձևի մասին, ըստ էության` տեղի է ունենալու քվեարկություն առանց գրիչի. չի առաջանա նախկինում կապույտ, կանաչ, կարմիր գրիչների պատմությունը: Քաղաքացին ուղղակի քվեաթերթիկը դնելու է  ծրարի մեջ` առանց որևէ նշում կատարելու:  Չկա անհրաժեշտություն, որ հատուկ դասընթաց կազմակերպվի, որ մարդիկ իմանան` ինչի մասին է  խոսքը, ամեն ինչ պարզեցված է»,- նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել