Այսօր Կառավարության արտահերթ նիստում նշանակվեց երեք մարզպետ: Որոշում կայացվեց Դավիթ Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ, Հունան Պողոսյանին՝ Սյունիքի մարզպետ, իսկ Համբարձում Մաթևոսյանին՝ Արմավիրի մարզպետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Դավիթ Գևորգյանը տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալն էր: «Նա հայտնի է եղել քաղաքացիական գործունեությամբ և թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից է»,- ներկայացրեց վարչապետը:

Անդրադառնալով Հունան Պողոսյանի նշանակմանը՝ վարչապետը հիշեցրեց, որ նա երկար տարիներ զբաղեցրել է ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը նախկին իշխանության տարիներին: «Կարծում եմ, որ որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ, և ուզում եմ հիմա ներկայացնել, թե ինչ ենք ուզում անել, ինչու և ինչպես»,- ասաց նա:

Վարչապետն ամենակարևոր խնդիրը համարեց ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնելը և ՀՀ-ի ու ժողովրդի ներուժը ներգրավել ՀՀ հետագա զարգացման գործում:

«Այս իմաստով կարևոր եմ համարում, որ երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի Հայաստանում, և այս տրամաբանության մեջ, կարծում եմ, չպետք է թույլ տանք՝ զարգանա այնպիսի երևույթ, որը պայմանական կարելի է անվանել «քաղաքական ռասիզմ», երբ մարդիկ որոշակի հետապնդումների են ենթարկվում միայն նրա համար, որ նախկինում գործունեություն են ծավալել»,- ասաց նա և նկատեց, որ այսօրվա կառավարությունում քիչ չեն մարդիկ, որ այդպիսի առնչություններ են ունեցել:

«Գալիս է լիարժեք համախմբման ժամանակը, կա բարիկադներ կառուցելու և դրանք ապամոնտաժելու ժամանակ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլորը հավասար են օրենքի առաջ: «Բայց ես ուզում եմ ասել, որ դա չի նշանակում, որ փակում ենք կառավարության պետական կառավարման համակարգի օպտիմալացման և ավելի արդյունավետ կառավարություն ունենալու տրամաբանությունը»,- ասաց նա և նկատեց, որ այսօր կառավարման համակարգում 90 և ավելի տոկոսը մարդիկ նույնն են, այսինքն՝ նրանք իրենց աշխատանքին են մնացել:

«Մեր եզրակացությունն այն չէ, որ նրանց հանել է պետք և բերել ուրիշ 90 տոկոս, բայց նաև այն չէ, որ 90 տոկոսին անձեռնմխելի է պետք թողնել, մանավանդ ես ուղիղ եմ ուզում ասել, որ կա բավականին մեծ տոկոս, որ ամենևին չունենա աշխատելու ցանկություն, կամ ոմանք կան, որ ցանկանում են՝ ուրիշները չկարողանան աշխատել, և թեև չեմ սիրում այդ բառը, բայց ակնհայտորեն որոշակի սաբոտաժի նմանվող կամ որպես այդպիսին մեկնաբանվելու հնարավորություն տրվող երևույթներ կան»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց, որ սիմվոլիկ է համարում այս երեք նշանակումները, քանի որ նրանցից մեկը հեղափոխության ակտիվ մասնակիցներից է, Հունան Պողոսյանը բարիկադների փշալարերի մյուս կողմից էր, ինչպես Վալերիյ Օսիպյանը և Արթուր Վանեցյանը, իսկ Համբարձում Մաթևոսյանն էլ ընդհանրապես քաղաքական նախընտրություններ չունեցող, չեզոք միջավայրից եկող գործիչ է: «Այս առումով մենք ուրվագծում ենք ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները: Մեզանից որևէ մեկը Հայաստանում անձեռնմխելի չէ, և դա պետք է բոլորս հասկանանք: Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում՝ համախմբելու և հնարավոր ներուժը ծառայեցնելու»,- հավելեց նա և շնորհավորեց մարզպետներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել