Հոկտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության մի խումբ անդամների։

ԱԳՆ ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամների այցն Արցախ, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու Արցախի պատմությանը, մշակույթին, ինչպես  նաև արցախցիների առօրյային։
Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։ ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին և դրա շուրջ Արցախի դիրքորոշմանը, ինչպես նաև հանրապետության միջազգային ճանաչման և արտաքին կապերի զարգացման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումներին։

Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախում կարևորում են ֆրանսախոսության զարգացումը, որի նպատակն է հաղորդակից լինել ֆրանսիական մշակույթին ու լեզվին և մաս կազմել ֆրանկոֆոն ընտանիքի։ Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է, որ Արցախում ամբողջովին կիսում են Ֆրանկոֆոնիայի գաղափարներն ու արժեքները, մասնավորապես, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սկզբունքները։

Մասիս Մայիլյանը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։

Հայաստանի Հանրապետությունում անցկացված Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում հոկտեմբերի 9-12-ը կայացել է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության 47-րդ համաժողովը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել