Panorama.am-ը գրում է.

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարությունը «կհասկանա Ադրբեջանի գրավյալ տարածքներից զինված ուժերի դուրս բերման անհրաժեշտությունը», այս մասին հայտնում է regnum-ը։

«Հույս ունենք, որ ընտրություններից հետո Հայաստանի նոր կառավարությունը կհասկանա, որ երկրի կայուն զարգացման համար չկա այլ ուղի, բացի Ադրբեջանի գրավյալ տարածքներից իր զորքերի դուրս բերումը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Այս հայտարարությամբ, ըստ «Интерфакс»-ի, Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովում ընդունված բանաձևին, որտեղ կետ կա ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

«Հայաստանը պետք է վերջ դնի միջազգային հանրությանը խաբելու իր անհաջող փորձերին, կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ու Հելսինկյան եզրափակիչ ակտի իր հանձնառությունները ու դուրս բերի իր զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ընդունված Երևանյան հռչակագրում անդրադարձ կա հակամարտություններին։ Մասնավորապես 19-րդ կետում ասվում է, որ «Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքներին՝ մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը՝ ֆրանկոֆոն տարածքում  ճգնաժամերի և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ մասնավորապես միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափերի շրջանակներում, բոլոր իրավիճակներում երկխոսությանը, և միջնորդությանը՝ այդ ճգնաժամերի և հակամարտությունների բանակցված կարգավորմանը հասնելու համար,  աջակցում ենք  հակամարտությունների կանխարգելման ու լուծման գործընթացում կանանց աճող դերակատարմանը»։

Գագաթնաժողովին ընդունվել է նաև առանձին բանաձև Ճգնաժամերի, ճգնաժամերից դուրս գալու ու խաղաղության կոնսոլիդացիայի վերաբերյալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել