Բարձրագույն  դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը խնդիր է համարում այն հանգամանքը, որ  Հայաստանի Ազգային Ժողովում այս պահին կայուն մեծամասնություն չկա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,   Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում սահմանադրական ճգնաժամ կա, Գագիկ Հարությունյանը պատասխանեց,  որ խնդիրը տեսնում է այլ հարթության մեջ:

«Սահմանադրությունն ունի 89-րդ հոդված, որի առաջին նախադասությամբ ասվում է, որ ԱԺ-ն ընտրվում է համամասնական կարգով,  երկրորդ նախադասությամբ ասում է, որ պետք է ապահովել Ազգային ժողովում կայուն մեծամասնություն: Սա խորհրդարանական կառավարման առանցքային լուծումներից մեկն է՝ կայուն մեծամասնության երաշխավորությամբ: Եվ եթե ուշադիր ընթերցեք՝ կա նաև երկրորդ մաս, եթե երկրորդ փուլով կայուն մեծամասնություն չապահովվեց, ուրեմն պետք է նոր ընտրություններ լինեն: Խնդիրն այն է, որ ընտրություններից հետո կար կայուն մեծամասնություն, եթե փլուզվում է կայուն խորհրդարանական մեծամասնությունը, արմատն այստեղ է»,-ասաց Գագիկ Հարությունյանը:

Ըստ ԲԴԽ  նախագահի՝ այս հարցում օրենսդրության մեջ կա որոշակի հակասական մոտեցում, որովհետև խորհրդարանական խմբակցությունների ու կոալիցիայի ձևավորումը, ըստ Սահմանադրության, վերապահվում է Ընտրական օրենսգրքին այն է՝ կոալիցիայի ձևակերպման կարգն ու սահմանափակումները սահմանվում են Ընտրական օրենսգրքով , և Ընտրական օրենսգիրքը դրա համար սահմանել է մեխանիզմ, որ ընտրություններից հետո՝ վեց օր անց, կարելի է կոալիցիաներ ձևավորել, որոնք կապահովեն կայուն մեծամասնություն:

«Ի տարբերություն Սահմանադրության այս կարգավորման, Ազգային Ժողովի օրենքը նախատեսել է կոալիցիայի ձևավորման այլ ընթացակարգ, չնայած Սահմանադրությունը նման հղում չի արել, որ ցանկացած խմբակցություն կարող է դուրս գալ դաշինքից, միանալ այլ խմբակցության հետ և ձևավորել խորհրդարանական մեծամասնություն: Փաստն այսօր այն է, որ մեր խորհրդարանում կայուն խորհրդարանական մեծամասնություն գոյություն չունի, այս խնդիրը պետք է հաղթահարվի»-ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ եթե ԱԺ-ն առաջնորդվեր Սահմանադրության տրամաբանությամբ, ապա կարող էր հավաքվել և 92-րդ հոդվածով հաղթահարեր ճգնաժամը, որովհետև դրա հնարավորությունը տալիս է Սահմանադրության 92-րդ հոդվածը:

«Պետք է 92-րդ հոդվածում լրացում կատարվեր հենց խորհրդարանի կողմից, որտեղ ասվում է, որ 92-րդ հոդվածը տալիս է հիմքեր ԱԺ-ն իրավունքի ուժով արձակելու համար, ընդամենը այդ հոդվածում պետք է ավելացվեր հետևյալը՝ ԱԺ-ն իրավունքի ուժով կարող է արձակվել խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայության դեպքում, որովհետև խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայությունը ստեղծում է ինստիտուցիոնալ լուրջ խնդիրներ ԱԺ- կառավարություն և ԱԺ-այլ մարմիններ հարաբերություններում:

Ազգային Ժողովը,  եթե առաջնորդվեր սահմանադրության տրամաբանությամբ և կայուն մեծամասնություն ապահովելու անհարժեշտությամբ կարող էր հավաքվել և 92-րդ հոդվածում փոփոխություն կատարեր, և այդ փոփոխությունը հանրաքվեով նախատեսված չի: Ազգային Ժողովը կարող է այդ փոփոխությունը կատարել, ընդ որում դիմող սուբյեկտները կարող են լինել ինչպես կառավարությունը , այնպես էլ 150 հազար ստորագրություն հավաքած քաղաքացիները: Ընդ որում, եթե Ազգային Ժողովը չի կատարում դիմումը , այս պարագայում այդ հարցը կարող է դրվել հանրաքվեի:  Լուծումներ կան Սահմանադրության մեջ, և այդ լուծումներով պետք է առաջնորդվել»,- եզրափակեց Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել