Armdaily.am-ը գրում է․

Նոր Հայաստանում, թվում էր, թե պետք է բացառվեն հին Հայաստանին բնորոշ բարքերը, սակայն արի ու տես, որ դրանք ներթափանցել են մեր արյան մեջ՝ կապ չունի՝ սեւ ես, թե սպիտակ: Իսկ այդ բարքերից ամենից հոռին խնամի-ծանոթ-բարեկամներին պաշտոններ շնորհելն է: Առհասարակ կադրային հարցերը նոր Հայաստանում լուրջ խնդիր են, ցավալի է, որ պաշտոններ բաշխելիս ոչ թե հաշվի են առնում հմտություններ, պրոֆեսիոնալիզմ, փորձ, աշխատանքի ՕԳԳ, այլ ՔՊ-ական լինել, հեղափոխությանը մասնակցել, առնվազն ճամփա փակողի, ասֆալտին պառկողի մտերիմ լինել...:

Իսկ այս ամիսների փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանը ունի պրոֆեսիոնալների պակաս, պետք է փոխի նշանակումներ անելու մոտեցումները, հետեւաբար՝ արտահերթ ընտրություններից հետո, եթե ցանկանում է լուրջ հաջողություններ գրանցել, պետք է ապավինի նաեւ նախկին փորձառու պաշտոնյաներին՝ բնականաբար նրանց նոր՝ անտիկոռուպցիոն գծի մեջ դնելով: Իսկ այժմ նոր իշխանության խծբ-ները: 1. Սարգսյան եղբայրները- Օրերս Վայոց ձորի մարզպետ նշանակվեց Տրդատ Սարգսյանը, ով Սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանի եղբայրն է: Տրդատ Սարգսյանը ՔՊ վարչության անդամ է, Համալսարանականներ համատիրության կառավարիչ, նա Երեւանի ավագանու անդամ է, սակայն այժմ մայրաքաղաքը պետք է թողնի եւ գնա հանրապետության հարավ՝ իր իսկ խոսքերով ասած հեղափոխությունը Վայոց ձոր հասցնելու:

Թե ինչ կապ ունի Տրդատ Սրագսյանը մարզպետի պաշտոնի հետ, կամ ունի արդյոք կապ ունի, թե ոչ, պարզ կլինի առաջիկայում:

Տրդատ Սարգսյանի փաստաբան եղբայրն էլ՝ Դավիթ Սարգսյանը, սփյուռքի փոխնախարար է, նա աշխատում էր Հանրային պաշտպանի գրասենյակում: Շարժման օրերին ակտիվորեն մասնակցել է ցույցերին, պաշտպանել է բերման ենթարկված անձանց իրավունքները:

2. Աներձագս՝ պատգամավոր- Պատմության մեջ աներձագին պատգամավոր դարձնելու առաջամարտիկը նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին հենց այդպես էլ ասում են՝ աներձագ: Սակայն, ըստ ամենայնի, Փաշինյանը նախանձեց Տարոն Մարգարյանի բախտին կամ ճակատագիրը չար կատակ արեց, եւ Արարատ Միրզոյանի փոխվարչապետ դառնալուց հետո նրա մանդատը բաժին հասավ Հրաչյա Հակոբյանին՝ վարչապետի աներձագին: Հակոբյան մասնագիտությամբ դերասան է։ 2016 թվականից էլ անդամակցում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։

3. Լենա Նազարյան եւ Նարեկ Բաբայան- Նա ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի ամուսինն է, ղեկավարում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն: Նարեկ Բաբայանը Նիկոլ Փաշինյանի համախոհներից է, հեղափոխության ակտիվ մասնակիցներից։ 2017-ի ԱԺ ընտրություններին եղել է «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված թեկնածու։

4. Սամվել Հարությունյան- Համացանցում բուռն քննադատությունների ալիք էր սկսվել, երբ Կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ վերանշանակվեց Սամվել Հարությունյանը, քանի որ շատերը Սամվել Հարությունյանին համարում են Հայաստանի գիտությունը խորապես քանդողներից (տեսակետը՝ Դանիել Իոաննիսյանի)։ Այնուհետեւ նշանակման պատճառահետեւանքային կապի վրա լույս սփռեց մամուլը՝ գրելով, որ Սամվել Հարությունյանը նախագահ Արմեն Սարգսյանի մտերիմն է, իսկ Սամվել Հարությունյանի որդին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկերը ։

5. Հակոբ Հակոբյան եւ Աշոտ Հակոբյան- Նա Արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարողն է, ժամանակին աշխատել է ԴԱՀԿ-ում, սակայն վերջինս նշանակման ֆոնին քննարկվում էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների արդեն նախկին նախարար Աշոտ Հակոբյանի եղբայրը լինելու հանգամանքը:

6. Արմեն Գրիգորյան եւ Մովսես Հակոբյան- Արմեն Գրիգորյանը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, ում պաշտոնավարումը նշանակումից ի վեր քննարկվում է ռուսների հետ հարաբերություններ չլարելու համատեքստում, քանի որ «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող, հրապարակախոս Արմեն Գրիգորյանը «Թրանսփերենսի ինտերնեյշնլի» փորձագետն էր, այսինքն՝ Սորոսի հիմնադրամին սերտ առնչված անձ՝ հայացքներով արեւմտամետ։ Այլ կերպ ասած՝ «հակառուս», ով ոչ միայն բանակում չի ծառայել, այլեւ տնօրինելու է բանակի եւ ռուսական ռազմաբազաների տեղեկատվությունը։ Արմեն Սարգսյանը ԼՂՀ ՊԲ նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, այժմ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի զարմիկն է` քրոջ որդին: Կարծիք կա, որ ազգականները կապ ունեն միմիանց պաշտոնների նշանակման հարցում:

7. Հայկ և Նաիրի Սարգսյաններ- Հայկ Սարգսյանը Պետական վերահսկողական ծառայության պետի՝ Դավիթ Սանասարյանի տեղակալն է։ Նա քայլարշավի ողջ ընթացքում, ինչպեսեւ մինչեւ վերջերս ուղեկցում էր Փաշինյանին՝ «թիկնապահի» կարգավիճակով։ Իսկ զույգ եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը վարչապետի օգնականն է։ Այս նշանակումը ուշագրավ չէր լինի, եթե եղբայրները Զարեհ Սարգսյանի որդիները չլինեին, ում հետ վարչապետ Փաշինյանն ու իր ընտանիքը ջերմ հարաբերությունների մեջ են։

Հիշեցնենք, որ Զարեհ Սարգսյանը ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության նախկին պետն էր։ Նրա անվան շուրջ մամուլում սկանդալային հրապարակումներ եղան։ Մասնավորապես, Զարեհ Սարգսյանը թոշակառուների թոշակների հաշվին Կրասնոսելսկից տեղափոխվում էր Երեւան եւ այստեղ դղյակ էր կառուցում, որտեղ եւ ապրում է մինչ օրս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել