«Իշխանությունը պատկանում է ժողովրդին»։

Այս ձևակերպումը դրված է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում և վերջին իրողությունների լույսի ներքո հաճախ է բարձրաձայնվում վարչապետ Փաշինյանի կողմից իր հրապարակային ելույթներում։

Հատուկ ընդգծվում է նաև, որ այսուհետ «ժողովուրդն» է որոշելու բոլոր հարցերը։

Այս խնդրի կապակցությամբ ցանկանում եմ հայտնել իմ առավելապես ակադեմիական (գիտական) կարծիքը, որը, կարծում եմ, օգտակար կլինի մեր Կառավարության և վարչապետի համար հետագա հրապարակային ելույթներում «ժողովուրդ» երևույթը կիրառելու պարագայում։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրացնում է ազատ ընտրությունների և հանրաքվեների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։

Փաստացի հղում անելով նշված դրույթի առաջին մասին՝ անտեսվում է դրա երկրորդ, իմ խորին համոզմամբ, առավել կարևոր մասը։

Սահմանադրա-իրավական և քաղաքագիտական իմաստով «ժողովուրդը»՝ որպես իշխանության կրող և որոշում կայացնող միավոր, հանդես է գալիս բացառապես ընտրությունների և հանրաքվեների ժամանակ, որով ձևավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ՝ նրանց փոխանցելով իր անունից հանդես գալու և այդ իշխանությունն իրացնելու իրավունքը։

Հանրաքվեների ընթացքում «ժողովուրդն» իր հավաքական կամքն է արտահայտում կոնկրետ դրված հարցի վերաբերյալ, որը դրվում է իր իսկ կողմից ընտրություններով ձևավորված մարմինների (Կառավարություն, Ազգային ժողով) կողմից։

Փաստացի, կարող ենք պնդել, որ պետության ամենօրյա կառավարման ամբողջական պատասխանատվությունը կրում է «ժողովրդի» կողմից ձևավորված ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, և յուրաքանչյուր առիթով «ժողովրդի» վրա որոշում ընդունելու պարտավորության սահմանումը կարող է ընկալվել որպես ուղղակի պատասխանատվությունից խուսափելու միջոց։

Քաղաքական գործընթացին մասնակցող իմ ընկերներին հորդորում եմ առավելագույնս խուսափել «ժողովուրդ» եզրույթի կիրառումից, և իրենց կողմնակիցներին, համակիրներին, հասարակության շահագրգիռ խմբերին կամ ժողովրդական լայն զանգվածներին որպես «ժողովուրդ» ներկայացնելուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել