Armtimes.com-ը գրում է.


Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, այսօր ելույթ ունենալով Երեւանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, նախ ողջունեց Հայաստանի վարչապետին ու հայ ժողովրդին, շնորհակալություն հայտնեց «այսպիսի հրաշալի երկրում» ջերմ ընդունելության համար, հիշատակեց Շառլ Ազնավուրին եւ խոսեց ցանկալի ապագան կառուցելու համար համախմբվելու անհրաժեշտության մասին:

«Ինչպես իմ գործընկերները, ես չեմ կարող չարտահայտել խորը ափսոսանք՝ մեծ մարդու՝ Շառլ Ազնավուրի համար, ում ես անչափ սիրում էի: Բոլորս՝ ամբողջ ֆրանկոֆոն աշխարհը համախմբվեց՝ հարգանքի տուրք մատուցելու նրան: Շառլ Ազնավուրը մանրամասն զգում էր մեր լեզվի բոլոր նրբերանգները եւ մեր մշակույթների բոլոր նրբությունները: Ես տեսնում եմ, որ նույն ոգին առկա է այստեղ եւս: Սա բնավ չի նշանակում, որ մենք համաձայն ենք ամեն ինչի շուրջ: Սակայն միասին մենք կարողացել ենք ստեղծել մի տիրույթ, որտեղ առաջնորդվում են միմյանց հանդեպ հարգանքով, մի տիրույթ, որտեղ մեր պետությունները կարող են զարգանալ, լսել իրար, եւ այս ամենը ֆրանսերենով:

Ձեր երկիրը ունենա 90 միլիոն, թե 9 միլիոն բնակչություն, դուք մեր կազմակերպության լիիրավ անդամ եք: Այս արժեքները, իհարկե, կազմում են մեր հպարտությունը եւ միեւնույն ժամանակ մեզ պետք է ներչշնչեն մեր տեսլականներում, թե ինչպես ենք կառուցում կյանքը մեր սեփական երկրներում: Մենք պետք է նախ համախմբվենք ոչ միայն մեր ճառերի շուրջ, այլ նաեւ այն ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել: Շատ քաղաքացիներ իրենց մոռացված են զգում գլոբալիզացայի խոստումներից: Շատ կան բնիկ ժողովուրդներ, որոնք նույնպես իրենց զգում են մոռացված ժամանակակից աշխարհի խոստումներից: Ոչ մի երկիր չի կարող գրանցել հաջողություններ՝ առանց բոլորի մասնակցության՝ անկախ նրանց կրոնական եւ ազգային պատկանելություններից:

Ֆրանկոֆոն երկրները լավագույնն են դիրքավորված այս արժեքների առաջամարտիկ լինելու համար: Ամենաարագ զարգացող տասը պետություններից հինգը ֆրանկոֆոն պետություններ են: Աֆրիկան այսօր հանդիսանում է ֆրանկոֆոնիայի շարժիչը՝ հաշվի առնելով Աֆրիկայի բնակչությունը եւ զարգացման տեմպը ու բոլոր այն միտումները, որոնք ուղղված են այս տարածքի առավել արագացմանը: Մեր պատասխանատվությունն է երիտասարդությանն ընձեռել հավասար հնարավորություններ՝ սովորելու եւ հաջողություններ գրանցելու, նրանց տալ արդար եւ հավասար հնարավորությունների տեսլական: Միեւնույն ժամանակ մենք չենք կարող խոսել զարգացման եւ տնտեսությունների մասին՝ առանց նկատի ունենալու ապահովությունը: Ինչպես գիտեք, Կանադան ակտիվորեն մասնակցում է Մալիում ՄԱԿ-ի գործողություններին: Այսօր ես կարող եմ ուրախությամբ արձանագրել, որ Մալիում գրանցվում են հաջողություններ կանանց իրավունքների պաշտպանության գործում: Այնտեղ նվազում են խտրականությունները: Սա մեր գործառույթներից ընդամենը մեկն է Աֆրիկայում, մենք ցանկանում ենք լինել երկարաժամկետ գործընկեր աֆրիկյան մայրցամաքի համար:

Ես կցանկանայի ընդգծել, որ Կանադան շարունակաբար կպաշտպանի ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքները, որոնք մարդու իրավունքներն են: Ինչպես նշեց իմ բարեկամ Էմանուելը, մենք նաեւ միտված ենք ուշադիր հետեւել, որ ինտերնետային տիրույթում ֆրանսերենը չարձանագրի հետընթաց: Կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ շատ սիրելի գլխավոր քարտուղար Միկայել Ժանին՝ իր կատարած հրաշալի աշխատանքի համար: Միկայելը ջանք չի խնայել պաշտպանելու կանանց իրավունքները հատկապես՝ ուսման իրավունքները: Նա վարակիչ էներգիայով շարունակում է բոլոր քայլերը, որի համար ես եւս մեկ անգամ շնորհակալություն եմ ուզում հայտնել:

Սիրելի բարեկամներ, այս գագաթնաժողովը կայանում է շատ կարեւոր մի պահի, մենք պարտավոր ենք վերաիմաստավորելու միասին ապրելու այս կարգախոսը: Մարտահրավերները կհաղթահարվեն միայն ու միայն միասին ապրելու կարգախոսի տիրույթում»,- ասել է Կանադայի վարչապետը:

 Տպել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել