Armenpress.am-ը գրում է.

«Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» խորագրով ցուցահանդեսում ներառված են ձեռագրեր, հնատիպ գրքեր,  քարտեզներ, լուսանկարներ, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել դարերի ընթացքում հայերի և ֆրանսիացիների միջև ձևավորված մշակութային, պատմամշակութային հարաբերությունների և փոխազդեցությունների մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Երևանում անցկացվող 17-րդ գագաթնաժողովի շրջանակում իրականացվող միջոցառումը բացվեց հոկտեմբերի 11-ին Մատենադարանում:

«Կան ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են չորրորդ դարը: Հայ-ֆրանսիական հարաբերությունները ավելի են ակտիվացել խաչակիրների ժամանակաշրջանում: Պետք է փաստենք, որ այդ ժամանակ ֆրանսիացիների աչքին հայերը հերետիկոսներ էին, բայց կապերն ակնառու էին»,- նշեց ցուցահանդեսի համադրող, ֆրանսահայ պատմաբան, հայագետ Արմեն Կլոդ Մութաֆյանը:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը շեշտեց, որ շատ է կարևորում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում կազմակերպված  ցուցահանդեսը:

«Գագաթնաժողովի ընթացքում ուրախալի փաստ եմ արձանագրել: Տարբեր երկրների ղեկավարներն իրենց ելույթներում առանձնակի  ընդգծում էին մշակույթի դերը ժողովուրդների, ազգերի, պետությունների մերձեցման հարցում: Դա ևս մեկ առիթ է արձանագրելու, որ մեր մշակույթով, մեր առանձնահատկություններով հետաքրքիր ենք աշխարհին և պետք է շարունակենք հանրահռչակել այն»,- շեշտեց նախարարը:

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման առթիվ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) մեկենասությամբ Մատենադարանը հրատարակել է ցուցահանդեսի մասին պատմող երկլեզու գրքույկ և հայկական մանրանկարչությանը նվիրված ֆրանսերեն ալբոմ-ուսումնասիրություն: Ալբոմի հեղինակներն են Կարեն Մաթևոսյանը և Էդդա Վարդանյանը, լուսանկարների հեղինակն է Հրայր Բազե Խաչերյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել