Երեկ Գյումրիում տեղի ունեցած միջադեպը նորից եկավ ապացուցելու, որ մեր հասարակության մի զանգված պարզապես նույն կույր ատելությամբ է լցված հարևան Ադրբեջանցիների նկատմամբ: Այն, որ Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը, նույնիսկ Երևանում տեղի ունենալու դեպքում, որևէ նշանակալից բան չէր փոխելու մեր հասարակության շրջանում, թերևս, որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել, իսկ այ այն իրավիճակը, որը ստեղծվեց երեկ Գյումրիում, մեղմ ասած կարեկցանքի էր արժանի և դա արդեն ինձ համար անշրջելի փաստ է: Ինչ է նշանակում հավաքել երիտասարդների մի մեծ շքախումբ և ՀՅԴ-ի դրոշներով ու անհանդուրժողական կոչերով ու պահվածքով գնալ ու շրջափակել Ասպարեզ ակումբի տարածքը: Երբ տարբեր միջազգային դիվանագիտական ամբիոններից Ադրբեջանի կառավարությունը հիստերիկ և անբարոյական վայնասունով, խելագարի նման սկսում է խոսել հայերի ագրեսոր լինելու մասին, բոլորը հասկանում են, որ դա 90-ականների՝ իրենց կրած խայտառակ պարտության հետևանքն է, իսկ այ ես մի քիչ չեմ հասկանում թե ինչի հետևանքով է որ մեր հաղթած ազգը չի մասնակցում Եվրատեսիլին պատճառաբանելով, որ Ադրբեջանում է անցկացվում, կամ ինչից է, որ ընդհամենը ինչ որ փոքրիկ կինոփառատոնի համար միանգամից մի <ազգայնական> ալիք է բարձրանում, բայց այ, երբ որ մեր աստղիկ կոչված երգիչ երգչուհիները, եթերով զռռում են ադրբեջանական կամ թուրքական ծագումով երգեր մեր հասարակության <ազգայնական> շրջանակները լռում են և խնջույքների ու տարբեր տեսակի առիթների ժամանակ առանց հիշելու դրանց ադրբեջանական ծագումը հիացմունքով, ինքնամոռաց պար են բռնում, այդ նույն ադրբեջանածին երգերի հնչյունների ներքո և որևէ նմանատիպ ակցիաով չեն արձագանքում այդ անբարոյականությանը: Կամ այն հանգամանքը, որ այսօր Ղարաբաղը դատարկվում է բառիս ամենաուղիղ իմաստով, միթե հղի չէ ավելի աղետալի հետևանքներով, քան ինչ որ կինոփառատոն, միթե այս մասին լռելը չի խոսում այդ նույն կազմակերպիչների արված ակցիաի քաղաքական պատեհապաշտության մասին: Վերջիվերջո ձեզանից ով կարող է չհամաձայնվել այն մտքի հետ, որ հողը՝ երկիրը, զորքով կամ կեղծ հայրենասիրությամբ չեն պահում, այլ այնտեղ բնակվող քաղաքացիներով և նրանց սերունդներով, միթե չենք տեսնում, որ գնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում զորքի թիվը գերակշռում է բնակիչների թվին և միթե սա չէ առաջին կենսական նշանակություն ունեցող խնդիրը, որի համար պետք է պայքարել և կարող եք ինձ բացատրել, որտեղ են գտնվում այդ նույն մարդիք երբ որ նմանատիպ ավելի անբարո և աղետալի հետևանքներով հղի վտանգները խարանի նման կախված են ԼՂՀ ճակատագրի վրա: Եվ վերջում ամենազավեշտալին՝ ինչ են մտածում այդ մարդիկ ԼՂ խնդրի շուրջ բանակցային սեղանին դրված <Մադրիդյան Սկզբունքներ> անունը կրող փաստաթղթի մասին, որի արդյունքում մենք կորցնում ենք միանգամից 7 շրջան: Այս և էլի տասնյակ փաստերի առկայության դեպքում, ես ցավով պետք է նշեմ, որ երեկվա կատարվածը ինձ համար մեղմ ասած անհասկանալի էր: Ես անձամբ որևէ հետաքրքրություն չեմ ունեցել և չունեմ ոչ ադրբեջանական ֆիլմերի ու ոչ էլ առավել ևս այդ կինոփառատոնի նկատմամբ, պարզապես սրտի ցավով էի երեկ հետևում, այդ փառատոնի արդյունքում ստեղծված իրավիճակին, որը եղած փաստերի պայմաններում մեղմ ասած 4-ական կամ հազարերորդական են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել