Armtimes.com-ը գրում է.

Երեւանի N5 երթուղին սպասարկող ավտոբուսների վարորդները դադարեցրել են գործադուլը եւ վերադարձել աշխատանքի։ Այս մասին այսօր տեղեկացանք քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից։ Նա ասաց, որ վարորդների օրվա պլանը 7 դրամով նվազեցվել է՝ 59 հազար դրամից հասցվելով 52 հազար դրամի եւ նրանք նորից երթուղի են դուրս գալիս։ Այդ որոշումը, սակայն, ժամանակավոր է։ N5 երթուղու ավտոբուսների վարորդները համաձայնել են աշխատել՝ հուսալով, որ խնդիրը լուծում կստանա, երբ Հայկ Մարութանը ստանձնի քաղաքապետի պաշտոնը։

Հիշեցնենք, որ երեւանյան այս երթուղին սպասարկող վարորդների դժգոհությունը կապված է Էջիմիածին-Երեւան-Էջմիածին միջմարզային երթուղում ստեղծված իրավիճակի հետ, երբ տրանսպորտային շատ միջոցներ Երեւանի կենտրոնական ավտոկայանում երթուղին ավարտելու փոխարեն հասնում են մինչեւ Շրջանային եւ հակառակը՝ այդպիսով N5 ավտոբուսներին զրկելով ուղեւորներից։ Երեւանի քաղաքապետարանը հայտարարում էր, որ դա լիցենզիայի պահանջների խախտում է, միջմարզային երթուղու պատասխանատուներն էլ վստահեցնում էին, որ իրենց քայլն ընդամենը ուսանողներին օգնելու, նրանց հարմարավետ ու առանց հավելյալ ծախսի բուհեր հասցնելու նպատակ ունի ու որ լրացուցիչ ճանապարհ անցնելիս այդ մեքենաները ուղեւորներ չեն վերցնում։ Երեկ, սակայն, ականատես եղանք, որ դրանք կանգնում են կանգառներում, ուղեւորներ վերցնում։ Ընդ որում, դա երեկոյան ժամի էր, երբ բուհերում վաղուց արդեն ուսանող չկար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել