168.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ տարածաշրջանի կարևորագույն հարցերից մեկը: Եվրասիական  պետությունների խորհրդարանների  ղեկավարների երրորդ միջազգային  համաժողովում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ադրբեջանի կողմից որպես արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարություն ընտրված ռազմատենչ հռետորաբանությունը և ագրեսիվ գործողությունները խաթարում են անվտանգության և կայունության հիմքերը ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ մայրցամաքում»,- ասել է Շարմազանովը:

Նա հավելել է, որ Հայաստանը կողմ է հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ քաղաքական միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես, ուժի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նա շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտություն չէ, ինչպես Ադրբեջանը փորձում է ներկայացնել, այլ Լեռնային Ղարաբաղի, Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հարցն է: Հակամարտության լուծումն առանց այդ իրավունքի լիարժեք իրացման անհնար է»,- նշել է Շարմազանովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել