24news.am-ը գրում է․

«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը մանիպուլյատիվ է որակում «ԼԳԲՏ – քրիստոնյա» բառակապակցությունը։

«Աստծո անունը կապում են այլասերման հետ։ Այլասերումը քրիստոնեության կողքը տեղադրել չի կարելի։ Այդ բառակապակցությունը հատուկ է արված ու մանիպուլյատիվ բնույթ է կրում»,- 24News- ի հետ զրույցում ասաց Հայկ Նահապետյանը։ 

2018-ի նոյեմբերի 15-18–ը Երևանում նախատեսված է անկացնել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ–քրիստոնյաների 11–րդ ֆորումը։ Երևանում միջոցառման կազմակերպիչը «Նոր Սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունն է:

Հայկ Նահապետյանի կարծիքով՝ կազմակերպիչները շատ լավ գիտեն, որ վերաբերմունքը կոշտ է լինելու։

«Նրանք լավ տեղյակ են ժողովրդի խիստ բացասական, որոշ դեպքերում անգամ անհանդուրժողական վերաբերմունքի մասին երևույթի առնչությամբ, այդուհանդերձ, ես և ընկերներս քարոզչական դաշտում մարդկանց բացատրելու ենք, թե այս միջոցառումն ինչ նպատակ է հետապնդում»,- ասաց Հայկ Նահապետյանը։

Նախաձեռնության անդամն ընդգծեց, որ «քրիստոնյա» բառը ԼԳԲՏ-ի հետ գործածելը հատուկ տեխնոլոգիա է, այդ կերպ ֆորումի կազմակերպիչները ցանկանում են միասեռականներին բաժանել լավերի և վատերի։

«Շատ լավ իմանալով, որ ժողովուրդը չի ընդունում միասեռականությունը, այդ տեխնոլոգիան են օգտագործում, իբր, ցույց տալով, որ կան վատ միասեռականներ, որոնք հակառակ սեռին բնորոշ հագուստներ են կրում, ժողովրդի դժգոհությանն ու ատելությանն արժանանում, միաժամանակ, կան լավերը, որոնք եկեղեցու զավակներ են, ինչն աբսուրդ է, նման բան չի կարող լինել, քանի դեռ թողություն ու ապաշխարություն չեն արել»,- ասաց Հայկ Նահապետյանը։

Ըստ նրա՝ ֆորումի կազմակերպիչների հաջորդ քայլը լինելու է այն, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն, օգտագործելով այդ տեխնոլոգիան, պահանջեն որոշակի իրավունքներ, մասնավորապես, իրենց կեսին ունենալու իրավունք։

Ֆորումն առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում։ Հայկ Նահապետյանի խոսքով՝ ինքն ու ընկերներն օրենքի շրջանակում ամեն ինչ անելու են, որպեսզի այն տեղի չունենա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել