Armenpress.am-ը գրում է.

«Իմ քայլը» հիմնադրամն արդեն գործադիր տնօրեն ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հոկտեմբերի 9-ին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ին  հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:

Նա անուն չնշեց, քանի որ  այդ անձը դեռ աշխատում է նախկին աշխատավայրում և պայմանագիրը մոտ օրերս կավարտվի: «Անպայման շուտով կհայտարարենք և կսկսենք իրագործել այն քայլերը, որոնք ժամանակավորապես առկախել ենք: Հիմնադրամի գործադիր տնօրենին ընտրել ենք մեծ դժվարությամբ՝ մի քանի ընտրական փուլ անցնելով»,- ասաց նա:

Աննա Հակոբյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ հիմնադրամը գործելու է մշակույթի, կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում՝ երեք ձևաչափով: «Բազմաթիվ ծրագրեր, գաղափարներ կան, որոնք իրագործելու ենք հանրությանը տեղյակ պահելով»,- ընդգծեց վարչապետի տիկինը՝ հավելելով, որ հիմնադրամը դեռևս գործունեության տարածք չունի:

«Իմ քայլը» հիմնադրամն ստեղծվել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից: Հիմնադրամի տեսլականն է լուծումներ գտնել բոլոր այն խնդիրների համար, որոնք այս կամ այն պատճառով այս պահին չեն կարող հասցեագրվել կառավարության կողմից: Հայաստանում առողջ և ներառական հասարակություն ստեղծելու առաքելությունն իրականացնելու նպատակով հիմնադրամը ծառայելու է որպես կամուրջ, որն իրար կկապակցի առկա ռեսուրսներն ու խնդիրները, որպես դոնոր, ինչպես նաև որպես սեփական նախագծերի իրագործող: Հիմնադրամը գործելու է բլոքչեյն տեխնոլոգիայի միջոցով՝ ապահովելով լիարժեք թափանցիկություն և հաշվետվողականություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել