«Գործող Ընտրական օրենսգրքով ամրագրված է, որ ցուցակում ամեն 4-րդը պետք է լինի կին, մենք նախագծով ամրագրել ենք, որ ամեն 4-րդը դառնում է 30 տոկոս։ Այսինքն՝ 25-ը դառնում է 30 տոկոս»,- նշեց նա։
Թեև գործող ԸՕ-ով նախատեսված է, որ խորհրդարանի 25 տոկոսը պետք է լինեն կանայք, բայց 6-րդ գումարման Ազգային ժողովում կանայք ընդամենը 18 տոկոսն են կազմում։
Գործող օրենսգրքով նախատեսված է նաև, որ խմբակցություններում նվազագույնը 20 տոկոսը պետք է լինի կին, փոփոխությամբ խմբակցության 30 տոկոսը պետք է լինեն կանայք։
«Ռեյթինգային ընտրակարգի պատճառով դրա ապահովման մեխանիզմ չկար, որովհետև ռեյթինգայինով ընտրվում էին կոնկրետ անձինք, և չէր կարելի այդ անձանց մանդատ չտալ այն պատճառով, որ նրանք տղամարդ էին, որովհետև նրանք ապահովված էին։ Եվ քանի որ ռեյթինգային ընտրակարգից հրաժարվում ենք, առաջանում է գործնական մեխանիզմ ապահովելու այն թիվը, որը սահմանվում է ԸՕ-ով»,- ասաց Դ․ Իոաննիսյանը։
Նրա խոսքով՝ այլ մեխանիզմ է սահմանվել նաև ազգային փոքրամասնությունների հետ կապված։ Ամեն ստացած 19 մանդատի դիմաց կուսակցությունը կամ դաշինքը կստանա 1 ազգային փոքրամասնության ներկայացուցչի տեղ։
«Այժմ ևս կուսակցություններին հնարավորություն է տրվում ունենալու 2-րդ ցուցակ այսպես կոչված, որտեղ նշվում են 4 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների անունները։ Բայց տարբերությունն այն է, որ եթե նախկինում ազգային փոքրամասնության ներկայացուցչի ընտրությունն ավելի շատ հիշեցնում էր պատահականության սկզբունքը, ապա այժմ ամեն ստացած 19 մանդատների դիմաց ստանում է 1 ազգային փոքրամասնության ներկայացուցչի տեղ։ Սա ավելի հասկանալի և կանխատեսելի կլինի ազգային փոքրամասնությունների համար»,- հայտնեց նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել