Պոլսահայ մտավորական և իրավապաշտպան Անժել Դիքմեն թուրքական artigercek.com կայքի իր սյունակում հոդված է նվիրել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին:

Դիքմեն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ չնայած Հայոց ցեղասպանության ճանաչման համար աշխարհում ամենաակտիվ պայքար մղողներից մեկը լինելուն՝ Ազնավուրը երբևէ ատելությամբ չի խոսել թուրքերի մասին:

«Ես դիտել եմ Ձեր բոլոր հարցազրույցները: Չնչին ատելության դրսևորման անգամ չեմ հանդիպել: Ձեր միակ ցանկությունը մերժմանը վերջ տալն էր», - գրում է սյունակագիրը:

Նա իրավացի է համարում Ազնավուրի այն վրդովմունքը, որը նա դրսևորել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «1915-ի դեպքերի համար» հայտնած ցավակցության վերաբերյալ:

Այն ժամանակ Ազնավուրն ասել էր. «Ընտանիքս ավտովթարի ժամանակ հո չի մահացել, որ ինձ ցավակցում եք»:

Դիքմեն շեշտել է, որ թուրք հասարակությունը կերպարներն ու պատմական իրադարձությունները ճիշտ ճանաչելու խնդիր ունի, քանի որ շատ անգամ պետական քարոզչությունն ամեն բան այլ կերպ է ներկայացնում, իսկ ինքնուրույն ուսումնասիրել ու կարդալ ոչ բոլորն են սիրում:

«Ձեզ նույնպես ներկայացրել էին որպես թուրքի թշնամի...Ահա, թե ինչու եմ գրում այս գրվածքը: Որովհետև դա Ձեր հանդեպ արված շատ մեծ անարդարություն է: Մեր թուրք եղբայրներին Ձեր իրական դիրքորոշումը պատմելն այսուհետ իմ պարտքը թող լինի», - եզրափակել է պոլսահայ սյունակագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել