Բրիտանացի և ռուս գիտնականները տղամարդկանց և կանանց տարածական ունակությունների համատեղ հետազոտություն են իրականացել։ Նրանց գիտափորձին 19-20 տարեկան մոտ երեք հազար մարդ է մասնակցել։ Նրանք առցանց թեստեր են լրացրել, որոնց ընթացքում ստուգել են մեխանիկական մտածողությունը և տարածական ունակությունների տասից ավելի այլ ասպեկտներ։ Արդյունքում տղամարդկանց արդյունքները միջինում ավելի լավ են դուրս եկել։ Տարբերությունը 16% է կազմել։

Դա մեկ անգամ ևս ապացուցում է, որ տարածական ունակությունները տարբերվում են մնացածից, օրինակ ընդհանուր ինտելեկտից, որի դեպքում տղամարդկանց և կանանց միջև տարբերություն չի նկատվում,– նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Տոմսկի համալսարանի պրոֆեսոր Յուլյա Կովասը։

Այժմ գիտնականներն այն եզրակացությանն են հանգում, որ տղամարդկանց և կանանց տարածական ունակությունները պատմականորեն են այդպես դասավորվել, դրանց վրա ազդել է սոցիալ–մշակութային միջավայրը. մարդկության ուժեղ կեսը որսորդությամբ է զբաղվել, որը տարածության մեջ լավ կողմնորոշում է պահանջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել