Արամ Խաչատրյանի ջահավառ սրահում կոմիտասյան մեղեդու առաջին հնչյունները զգույշ, մեղմիվ շոյում են սյուներն  ու որմերը, ապա ձգվում դեպի վեր։ Ներսում օպերային երգիչ, տենոր Դավիթ Հովհաննիսյանի մենահամերգի փորձն է ընթանում։ «Կռունկը» նրա դողացող շուրթերից հնչում է փշաքաղվելու աստիճան գեղեցիկ ու հուզիչ։ BlogNews.am-ը ներկա է եղել երգչի մենահամերգի առաջին փորձին, զրուցել Դավիթի հետ ու ֆիքսել էմոցիոնալ դրվագները։

Ի սկզբանե միջազգայնագետի մասնագիությունն ընտրած երիտասարդի համար ճակատագիրն այլ ուղի էր կանխորոշել: Երաժշտության ճանապարհով գնալը պատահական ստացվեց ու փոփոխությունների սկիզբ դրեց նրա կյանքում: Հիմա Դավիթը բեմում է ու պատրաստվում է հոկտեմբերի 12-ին կայանալիք մենահամերգին։ Ելույթ է ունենալու լեփ-լեցուն դահլիճում, ինչը, միանշանակ, պարտավորեցնող է, այն էլ՝ հայրենիքում։ Համերգը Եվրոպայում կատարելագործվող և ստեղծագործող տենոր Դավիթի նվերն է մայրաքաղաքի 2800-ամյակին. «Մենահամերգը կոմերցիոն բնույթ չունի. մուտքը լինելու է հրավիրատոմսերով, որոնք կբաժանվեն բոլոր ցանկացողներին»,- նշում է երգիչն ու հավելում, որ սա իր՝ թվով երկրորդ մենահամերգն է հայրենիքում։ Առաջինը 2015-ին էր, երբ Դավիթը հանդես եկավ իսպանացի սոպրանո Կարմեն Ակոստայի հետ, համերգն էլ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

_H2A2459_H2A2441

Երևանյան համերգին Դավիթին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» երգչախումբը, իսկ երեկոն կվարի Արա Ղազարյանը։ Խոսելով համերգային ռեպերտուարի մասին՝ Դավիթը նշում է՝  երեկոյի ընթացքում բազմատեսակ ու բազմաժանր երգեր են հնչելու. «Սկսում ենք Կոմիտասի «Կռունկից» ու ավարտում իտալական ելևէջներով։ Համերգի ընթացքում նախատեսվում է նաև տեսահոլովակի պրեմիերա, որի վրա աշխատել ենք մոտ մեկ տարի։ Այն նկարահանել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Ֆրանկ Կազանովան»։

Դավիթը ներկայանում է դասական Crossover երաժշտական ժանրում, որը երաժշտական տարբեր ոճերի համադրություն է՝ դասական մոտիվներով: Այն իր մեջ կարող է ներառել ֆոլք երաժշտության տարրեր, փոփ, ռոմանս, եվրոպական շանսոն, բալլադ և այլն: BlogNews.am-ի հետ զրույցում Դավիթը պատմում է, որ երաժշտության հանդեպ սերը միշտ է եղել. «20-21 տարեկանում երգեցի, ու ստացվեց, ուստի որոշեցի զուտ ինձ համար պարապել: Դրանից հետո, սակայն, գնալով ավելի ու ավելի տարվեցի երաժշտությամբ, այնուհետև տեղափոխվեցի Տեներիֆե, որտեղ ուսանել եմ կոնսերվատորիայում՝ Կարմեն Ակոստայի, այնուհետև՝ Հռոմի օպերային թատրոնի երգչուհի Ռենատա Լամանդայի մոտ»:

_H2A2444
_H2A2453
Հարցին՝ հայ երիտասարդի համար արդյոք հե՞շտ էր արտասահմանում կայանալն ու միջավայրին ինտեգրվելը, տենորը պատասխանում է՝ անհարմարավետության զգացողություն երբեք չի ունեցել. «Միշտ եղել եմ նախաձեռնող ու հետևողական, չեմ սպասել, որ որևէ մեկը պետք է աջակցի ինձ։ Սկզբի համար ես կարևորել եմ որպես արտիստ կայանալը, ճանաչվելը, ոչ թե գումար աշխատելը։ Այժմ տարվա մի մասն ապրում են Տեներիֆեում (Իսպանիա), մյուս մասն` Իտալիայում: Երկու տեղում էլ պատրաստվում եմ, սովորում եմ, մեծ մասամբ մասնակցում եմ բարեգործական համերգների»։

Արտասահմանում հետաքրքրությունը մեծ է օպերային երաժշտության հանդեպ, մարդիկ գնահատում են արվեստագետի աշխատանքը, վերաբերմունքն էլ այլ է, նույնը չի կարելի ասել, սակայն, Հայաստանի մասին. «Ցավոք, պետք է ասեմ, որ տարբերությունը մեծ է։ Երբ Հայաստանում էի, չէի պատկերացնում, որ տարբերությունն այդքան շատ կարող է լինել։ Հետաքրքրությունը շատ թույլ է դասական երաժշտության հանդեպ, իսկ արտասահմանում ապրելով հասկացա, որ երիտասարդությունն ամբողջ աշխարհում հետաքրքրված է դասական երաժշտությամբ։ Բայց ես հավատում եմ, որ մի օր այդ լույսը կուժեղանա, և դասական երաժշտության հանդեպ հետաքրքրությունը կավելանա նաև մեզանում։ Երիտասարդ երաժիշտները չպետք է կոտրվեն ու ձգտեն ավելին անել»։

_H2A2405_H2A2425

Ոլորտին Դավիթը յուրահատուկ մոտեցում ունի. ««Վաղը լինեմ ավելի լավը, քան այսօր» խոսքը միայն պրոֆեսիոնալ ոլորտին չի վերաբերում, ինքս ինձ փորձում եմ գերազանցել միշտ ու ամենուրեք։ Միշտ գնում եմ առաջ, նույն վայրում չեմ մնում։ Տարբեր նախագծերում եմ ընդգրկված։ Տեներիֆեում հայտնի Union Artistica El Cabo երգչախմբի մենակատարն եմ։ Հաջորդ տարի պլանավորում ենք Կոմիտաս կատարել առաջին անգամ»։

Երևանյան համերգային ծրագիրց հետո Դավիթը մտադիր է վերադառնալ Տեներիֆե ու պատրաստվել նոր շրջագայության։ 2019-ին նախատեսվում է 2 մեծ համերգ Իտալիայում, մինչ այդ երգիչը հույս ունի թողարկել առաջին ձայնասկավառակը։

_H2A2402_H2A2437_H2A2428_H2A2400Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գրիգորյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել