2015թ. Երևանում անցկացվում էին կին առաջնորդների թրեյնինգներ, որոնց արդյունքներով մասնակիցներ պետք է ընտրվեին Հայաստանը ներկայացնելու համար: Մասնակիցների քվեարկության արդյունքում 4 հոգանոց խմբի մեջ Վրաստանում կին առաջնորդների սեմինարին մասնակցելու համար ընտրվեցի նաև ես: Քանի որ մինչ այդ ավարտել էի արդեն առաջնորդության ինստիտուտը, Թիֆլիսի սեմինարից մոտավոր ակնկալիքներ ունեի: Սակայն պարզվեց, որ այնտեղ մեզ լրիվ այլ բան է սպասվում: Սեմինարին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից, խոսնակներ Չեխիայի դեսպանատնից, որը սեմինարի ֆինանսավորողն էր:

Առաջին օրը հագեցած էր «Կանանց դերը հասարակության մեջ» թեմայով, թե ինչքան կարևոր է կանանց ներգրավվել քաղաքական գործընթացների մեջ, և թե ինչ կարող են նրանք անել: Երկրորդ, երրորդ օրերը բացահայտեցին այդ հավաքի ողջ «հմայքը»: Վրաստանի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք նախաձեռնել են այս սեմինարի միջոցով կազմակերպել հայ և ադրբեջանցի կանանց երկխոսություն, ընդ որում՝ հենց առաջին հանդիպումից պարզ դարձավ, որ ադրբեջանցիները շատ լավ տեղեկացված էին, թե ինչ պետք է քննարկվեր, այնինչ հայկական կողմը լրիվ այլ ակնկալիքներով էր եկել (հետո պարզվեց, որ հայկական կողմից կազմակերպիչներն էլ տեղյակ չէին): Մինչ հանդիպումը ադրբեջանցիները հերթով մոտենում էին մեզ և սրտաճմլիկ պատմում, թե իրենք բոլորը ծնունդով Ղարաբաղից են, սակայն թողել են իրենց տները, ընտանիքները բաժանվել են, հիմա թափառական են: Կեղծիքը բացահայտվեց, երբ մասնակիցներից մեկը համոզում էր, որ ինքը Հադրութում է ծնվել, սակայն տարիքը 20 տարեկան էր, հետևաբար, ադրբեջանցի լինելով, ֆիզիկապես արդեն չէր կարող Հադրութում ծնված լինել: Դրանից հետո վրացական կողմը կրկին ներկայացրեց, որ այս հավաքի կազմակերպման իմաստը հայ և ադրբեջանցի կանանց համախմբումն է նույն նպատակի շուրջ, որը կստիպի կանանց երկկողմանի՝ յուրաքանչյուրն իր երկրում, խաղաղության և զենքերը վայր դնելու կոչեր հնչեցնել և ստիպել կառավարությանը դադարել պատերազմը:

Չեմ ուզում մանրամասնել հոգեբանական և էմոցիոնալ ճնշման բոլոր մեխանիզմները, Խոջալուի շուրջ ծավալված թեժ քննարկումները, ադրբեջանցիների քարոզչական տեսանկյունից լուրջ պատրաստվածությունը, ուղղակի կարևոր բովանդակությունը փոխանցեմ: Խնդրին մինչև վերջ ծանոթանալու համար սկսեցինք հարցեր առաջադրել, թե ինչպես պետք է այդ ամենը, ըստ իրենց, իրականացվի: Մեզ խոստացան, որ դրա համար արդեն կան հստակ մշակված մեխանիզմներ, թե ինչպես կարելի է մտնել քաղաքական հարթակ, կազմակերպել ցույցեր, հանրային քննարկման նյութեր առաջադրել: Խոստացան, որ այս փուլում դրական արդյունքներ ունենալու դեպքում հաջորդ հանդիպումը կկազմակերպվի ԱՄՆ-ում, նույնպես անվճար, արդեն երկար ժամկետով, և այնտեղ մեզ կսովորեցնեն բոլոր մեխանիզմները, կտրամադրեն գործիքներ, որոնցով կկարողանանք այդ խնդիրներն առաջ քաշել յուրաքանչյուրս մեր երկրում, ինչպիսի ակցիաներ կարող ենք կազմակերպել և այլն: Եվ մնաց վերջին հարցը, որ տվեցինք ադրբեջանցիներին՝ իսկ ո՞րն է իրենց շահագրգվռածությունն այդ հարցում: Պատասխանեցին, որ ուզում են վերադառնալ յուրաքանչյուրն իրենց լքված տները ապրելու՝ Հադրութ, Քաշաթաղ, Շուշի, Մարտակերտ:

Հասկանում եք, չէ՞, տիկին Աննա Հակոբյան, թե դա ինչ է նշանակում... Եվ այդտեղ մեր խումբը լուրջ քմծիծաղ տվեց, և հասկացրինք, որ ողջ հոգով և սրտով հետամուտ կլինենք այն քաղաքականությանը, որը տվյալ պահին իրականացնում է մեր կառավարությունն Արցախի հարցում, և զենքով կպաշտպանենք մեր սահմանները: Եվ իհարկե, մեր խմբից ոչ մեկն ԱՄՆ չգնաց, և ընդհանրապես, մեզ ջնջեցին այդ ծրագրից և մոռացան:

Տիկի՛ն Աննա Հակոբյան, մինչև Ձեզ շատերն անցել են այդ ճանապարհով, շատերին փորձել են ներգրավել նմանատիպ ծրագրերի մեջ: Այդ խմբի մասնակիցները շատ լավ հասկանում էին, թե որտեղից են սկզբնավորվում պացիֆիստական կոչերի արմատները: Երկար ժամանակ հետևում էի Ձեր կոչերին, չէի ուզում խառնվել և գրել սրա մասին: Բայց չի կարելի, չի կարելի փամփուշտների փոխարեն զարդեր նվիրել: Հրեա կանայք զարդերը վաճառել են, փամփուշտներ գնել և իրենց երկիրը պաշտպանել: Թուրքերն ու քրդերը միշտ զինված են եղել, որովհետև իրենց կանանց աչքը միշտ հայ կանանց զարդերի վրա է եղել։

Ձեր տղան հիմա ապահովված բանակում է ծառայում, իմ եղբայրներն ու ընկերները ստեղծել են Արցախի բանակն իրենց կյանքի հաշվին, ծառայել են ամենավատ տարիներին, իրենց կյանքի առաքելությունն են դարձրել Արցախի ազատագրումը: Այս կարգի պացիֆիզմը քրիստոնեական չէ, այդ պացիֆիզմը թույլ է տալիս չարիքին բազմանալու: Այդ ծայրահեղ պազիֆիզմը խաբկանք է, որը կարող է բերել ավելի մեծ չարիքների: Պետք չէ գերագնահատել սեփական ուժերն ու կարողությունները: Սուրբ հայրերից ու մայրերից ավելի սուրբ չեք, որոնք պատվիրել են զենքով պաշտպանել սեփական հայրենիքը…

Միակողմանի, սահմանից այս կողմի պացիֆիզմը ոչ մի կապ չունի մարդասիրության ու խաղաղասիրության հետ:

ՀԳ. եթե այս քայլերը դիվանագիտություն կարող են համարվել, ապա վատ դիվանագիտությունը պացիֆիզմից էլ ավելի վտանգավոր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել