Armenpress.am-ը գրում է.

Գործող իշխանությունները պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել դեկտեմբերին: Այս մասին ՀՀ քննչական կոմիտեում անցկացվող կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ մնացած որոշումների մասին հավելյալ կտեղեկացնի:

«Կարծում եմ՝ Փարիզում իմ գտնվելու ընթացքում որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք անպայման հաշվի կառնենք: Այս ընթացքում եղավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը, ով, ըստ էության, պաշտպանեց դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու գաղափարը: Հարցազրույցի արդյունքներով նախատեսում եմ հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ հանգուցալուծման սցենարներ քննարկելու համար: Դաշնակցության հետ նույնպես կարող է լինել հանդիպում, ես Փարիզում Դաշնակցության Սփյուռքի կառույցի հետ նույնպես քննարկում ունեցել եմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ուժի մեջ է իր հրաժարականի մասին հայտարարությունը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ խոսք է գնում հրաժարականի մասին, ապա պետք է պարզ լինի, որ դա զուտ իրավական կարգերն ապահովելու համար է:

«Ի դեպ, կարծես դժգոհության հանրային ալիք կա: Չեմ ուզում նմանվենք այն իշխանություններին, որ համառորեն հանրությունը պահանջում է հրաժարական չտալ, բայց մենք տալիս ենք: Այնպես պետք է անենք, որ գործընթացը բոլորին լինի հասկանալի բոլոր նրբություններով: Որևէ գործողություն չեմ անելու ժողովրդի իշխանությունը վտանգի տակ դնելու համար»,-ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀԿ-ն շարունակում է քաղաքական իրավիճակը չհասկանալ, մի կողմից ասում են հանդուրժողականության մթնոլորտ են ակնկալում, մյուս կողմից ամեն ինչ անում են, որ հանրությունը չհանդուրժի:

«Ճիշտ ճանապարհ չէ, չի կարելի տպավորություն ստեղծել, թե կա քաղաքական ուժ, որի նպատակն է խանգարել ժողովրդին: Դա լավ դերակատարում չէ»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել