168.am-ը գրում է.

Դեռևս իշխանափոխությունից առաջ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշում էր կայացրել Կոնդի կառավարական առանձնատունը սեփականության իրավունքով փոխանցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Խորհրդարանի կողմից ապրիլի 17-ին վարչապետ ընտրվելուց երկու օր անց, սակայն, Սերժ Սարգսյանն իր վարած կառավարության առաջին իսկ նիստի ընթացքում հայտարարեց, որ հրաժարվում է իրեն տրամադրված կառավարական առանձնատան սեփականության իրավունքից` պատճառաբանելով` դրա ժամանակը չէ։ Եվ դա այն դեպքում, երբ ՀՀ օրենսդրությամբ պաշտոնաթողությունից հետո բնակարաններ են տրամադրվել թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ այդմ, հանձնարարեց լուծել երրորդ նախագահին օրենքով հասանելիք բնակարանի խնդիրը։

Տևական ժամանակ է սակայն, որ չի լուծվում Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու հարցը, և հիմա արդեն հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը ողջամիտ ժամկետում կլքի Կոնդի կառավարական առանձնատան տարածքը:

Խնդիրն այստեղ այնքան երրորդ նախագահին բնակարանով ապահովելու խնդիրը չէ, որքան հարցի անիմաստ կամ միգուցե որոշակի շրջանակների համար իմաստավորված չարչրկումը:

Ակնհայտ է, որ թե Լևոն Տեր-Պետրոսյանին և թե Ռոբերտ Քոչարյանին բնակարանով ապահովելու ժամանակ նույնպես եղել են քննարկումներ, անվտանգության խնդիրներ, միգուցե անհամաձայնություններ, բայց լայն հասարակությունն այդ մասին չի իմացել. Հարցը լուծվել է կողմերի միջև, և հասարակությունը պարզապես տեղեկացել ենք վերջնական իրողության մասին:

Ինչևէ, փաստ է սակայն, որ հարցը մինչև այժմ չի լուծվել, իսկ իշխանությունները պարբերաբար, ի դեմս վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի, հայտարարում են, որ գնդակը Սերժ Սարգսյանի դաշտում է, և որ նրա գրասենյակը առաջարկված տարբերակներից որևէ մեկին չի համաձայնել:

Այսպես, հոկտեմբերի 6-ին www.azatutyun.am-ին տված իր հարցազրույցում Էդուարդ Աղաջանյանը մասնավորապես նշել է, որ Սարգսյանը հրաժարվել է նաև կառավարության առաջարկած վերջին՝ թվով տասներորդ առանձնատնից:

«Այդ առաջարկը ևս մերժվել է՝ չնայած բանավոր, և ըստ էության հաշվի առնելով, որ դա վերջին առաջարկն է եղել, մենք այլ տարբերակ էլ չենք առաջարկելու: Սովորաբար իրենց հիմնավորումները անվտանգության հետ են կապված լինում: Այս դեպքում, մասնավորապես, ինչ֊որ տան վրայով անցնող լարի մասին էր խոսքը՝ էլեկտրական գծի, որը, ըստ իրենց անվտանգության խնդիրներ էր առաջացնում»,- «Ազատության» հետ զրույցում նշել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Հարցի առնչությամբ 168.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանից` խնդրելով բացատրել, թե ինչ «մեկ լարի» մասին է խոսքը, և արդյո՞ք այն անվտանգության տեսանկյունից խնդիրներ է առաջացնում: 

«Խոսքը ոչ թե «ինչ-որ» մեկ լարի մասին է, ինչպես իր խոսքում պնդել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը, այլ լարերի մի ամբողջ խրձի։ Դա անընդունելի է հատուկ պահպանություն ենթադրող օբյեկտի համար։ Լարերի նման կենտրոնացման պարագայում հնարավոր են ինչպես վտանգ ներկայացնող պատահական միջադեպեր, այդպես էլ առկա է վնասակար միտումով դրանք օգտագործելու հնարավորություն»,- ասաց Նաիրի Պետրոսյանը:

Վերջինս նշեց նաև, որ որպեսզի այս խոսքը մերկապարանոց չհնչի, ավելորդ շահարկումներից խուսափելու նպատակով իրենք ներկայացնում են լուսանկար, որտեղ հստակ երևում է պատկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել