Armenpress.am-ը գրում է.

Երևանի Ազատության հրապարակում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի ավանի Երևան քաղաքի տաղավարում ներկայացված է մայրաքաղաքի 2800-ամյա պատմությունն՝ իր բոլոր տարրերով:  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի աշխատակից Դիանա Ասլանյանը: Նրա խոսքով` տաղավարում կան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Երևանի պատմության թանգարանի ցուցանմուշները:

«Ներկայացված են նաև Taraz & Art Photolab-ի կողմից տրամադրված տարազները: Երևանի տեղեկատվական կենտրոնները զբոսաշրջիկներին, քաղաքի հյուրերին տեղեկացնելու են, թե ուր կարող են գնալ և ինչպես: Հատուկ Երևանի հիմնադրման 2800-ամյակին շրջանակներում պատրաստվել են գրքեր չորս լեզվով` հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն: Մենք նաև ունենք քաղաքի վերաբերյալ ձեռնարկներ և քարտեզներ»,- ասաց Ասլանյանը:

Տաղավարի կենտրոնում տեղադրվել է Էրեբունի-Երևան հիմնադրման սեպագիր արձանագրությունը, Երևան քաղաքի դրոշը և Երևանի հիմնադրման 2800-ամյակի դրոշը: «Մենք նաև տեղադրել ենք Ֆրանկոֆոնիայի և Երևանի քույր քաղաքների քարտեզները»,- նշեց Ասլանյանը: 

Նշենք, որ Ավանը գործելու է հոկտեմբերի 7-12-ը, ժամը 12:00-20:00-ը: Մուտքն ազատ է բոլորի համար:

Իսկ Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանի տաղավարը ներկայացնելու է տասը մարզերի և Արցախի մշակույթը, պատմությունը, բարիքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում տաղավարը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի մարքետինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանը: 

«Հայաստանի ամբողջական տաղավարում ներկայացված են 10 մարզերը և Արցախը: Մենք փորձել ենք հնարավորինս պատկերավոր ներկայացնել մեր մարզերը, մշակույթը, պատմությունը, բարիքները, այն ամենը, ինչը մեր հյուրերը, մարզեր այցելելով, կարող են տեսնել: Հնարավորինս այնպես ենք արել, որ տաղավար այցելելուց հետո այս օրերին Հայաստանում գտնվող մեր ֆրանկոֆոն ընկերները հետագայում անպայման վերադառնան մեր երկիր՝ որպես զբոսաշրջիկ»,- ընդգծեց Ալոյանը:   

Տաղավարը պատրաստվել է Զբոսաշրջության պետական կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Արցախի և ՀՀ 10 մարզպետարանների համատեղ ուժերով և աջակցությամբ: 

Ամեն մարզից տաղավարում ներկայացված են գրաֆիկական պատկերներ՝ դրանց մասին կարճ հետաքրքիր տեղեկատվությամբ: Ինչպես նաև կան տվյալ մարզին բնորոշ, էթնիկ մշակութային ցուցանմուշներ: Արմավիրի մարզից ներկայացված են չրերը, Տավուշի մարզից՝ էթնիկ պատշգամբներից հատվածներ, Շիրակի մարզից՝ Ավետիք Իսահակյանի օրորոցը, իսկ  Արարատի մարզը ներկայացված է Արարատյան դաշտի բերք ու բարիքներով: Տաղավարում ներկայացված է նաև գորգագործություն, խաչքարագործություն: 

Գոհար Ալոյանը նկատեց՝ հոսքը բավականին մեծ է: Հյուրերի հետ ֆրանսերենով հաղորդակցվելու համար աջակցում է կամավորների խումբը: Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ նաև գրանցած մասնակիցների համար օրական երեք անգամ տուրեր են անցկացվում Հայաստանի զբոսաշրջային վայրերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել