Սաուդյան գահաժառանգ Մուհամմադ բին Սալմանի զայրույթը հարուցած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, համաձայն որի՝ առանց ամերիկյան ռազմական օժանդակության, Սաուդյան Արաբիայի արքան նույնիսկ երկու շաբաթ չի կարողանա մնալ իշխանության ղեկին, կարիք ունի լրացուցիչ մասնագիտական մեկնաբանության։

Չափազանց հետաքրքրական կլիներ իմանալ՝ ԱՄՆ-ի նախագահը, որն անշուշտ լավագույնս տեղեկացված է ներսաուդական խնդիրների մասին, արդյո՞ք նկատի ունի Սաուդյան ընտանիքի ներսում առկա տարաձայնությունները և ներընտանեկան հեղաշրջման հնարավորությունը, թե՞ այդ երկրի շիայական ընդդիմությանը, որը կարող է Եմենի հութիների խողովակով նաև ռազմական աջակցություն ստանալ Իրանից և տապալել Սաուդյան տոհմի իշխանությունը, որ հենց նույն գահաժառանգի խոսքերով՝ 30 տարով ավելի հին է, քան Միացյալ Նահանգները։

Ի դեպ, մինչ սաուդցիները և ամերիկացիները հռետորաբանական պատերազմում «քննարկում են» երկու-երեք հարյուրամյա հատվածում ավելի հին պետական ավանդույթ ունենալու խնդիրը, իրանցի գործընկերներիցս մեկը երեկ կատակեց՝ «ինչպես իրանական դրամական միավոր ռիալի մի զրոն հանելով ստանում ենք թումանը, այնպես էլ, Իրանի պետականության պատմությունից մի զրո դուրս թողնելով ստացվում է Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի պետականության ստեղծման մոտավոր ժամանակաշրջանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել