Armenpress.am-ը գրում է.

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը գտնում է, որ Ֆրանկոֆոնիայի  կազմակերպչական աշխատաքները հիանալի են կատարված: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ դա ոչ միայն իր կարծիքն է, այլ նաև Հայաստան ժամանած մյուս պատվիրակությունների:

«Ֆրանկոֆոնիան  հիանալի է կազմակերպված, և դա ոչ միայն  իմ կարծիքն է, այլ նաև այլ ներկայացուցիչների:  Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստում բոլոր պատվիրակությունները այդ մասին ընդգծեցին»,- ասաց Լաքոթը:

Դեսպանի կարծիքով` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը միայն  պաշտոնական գագաթնաժողով չէ, այլ նաև տոն է:

«Դա տոն է, որի միջոցով ցույց են տալիս, որ ֆրանսերենը մի լեզու է, որը միավորում է տարբեր երկրներ,  տարբեր ազգեր: Մենք  Ֆրանսիայի տաղավարի միջոցով փորձում ենք ցույց տալ, որ ֆրանսերենը հնարավորությունների լեզու է: Ինչպես տեսնում եք՝ այստեղ կան և թվային տեխնոլոգիաներ, և արհեստներ, և կրթության մասին տեղեկություններ: Սա հնարավորություն է Հայաստանի բնակիչներին ծանոթանալ Ֆրանկոֆոնիային և ֆրանսերենին»,- ընդգծեց Լաքոթը:

Ֆրանսիայի տաղավարի պաշտոնական  բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, հոկտեմբերի 7-ից 12-ը կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը»:

Ֆրանկոֆոնիայի ավանում, շուրջ քսան տաղավարների կողքին Ֆրանսիան տեղադրել է իր տաղավարը, որը ստեղծվել է Հնարավորությունների ֆրանսերեն» ոգով. այսպես է բնորոշում ֆրանսերեն լեզուն Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:

Վիրտուալ իրականություն, հրուշակագործության դասընթացներ, համտես, տեսախաղեր, վարպետության դասեր եւ շատ ավելին կլինի ներկայացված Ֆրանսիայի տաղավարում, որը կգործի հոկտեմբերի 7-ից 12-ը, ժամը 12:00 -20:00-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել