Politik.am-ը գրում է․

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին թվում է, թե  գիտենք ամեն բան: Գիտենք, թե ովքեր են կրակել ու ովքեր են հրաման տվել: Մենք գիտենք, թե հանուն ում իշխանության տեղի ունեցավ այն: Մենք նաև համոզված ենք, որ ցուցարարները եղել են բացառապես խաղաղ ու չեն եղել զինված մարդիկ նրանց շարքերում:

10 տարի է անցել ու թվում էր, թե այլևս նոր բան չի բացահայտվելու, բայց պարզվում է 10 տարի շարունակ սխալվել ենք: Ուսումնասիրելով այդ օրերի իրադարձություններին առնչվող տեսանյութերը,  մի հետաքրքիր դրվագի ականատես եղանք, որը կարծում ենք շատ առումներով կփոխի մեր պատկերացումները:

Այս դրվագում շատ հստակ երևում է, որ ոստիկանության դեմ կանգնած քաղաքացիներից երկուսը իրարից ոչ հեռու տարածքից հրաձգային զենքով կրակում են (բարեբախտաբար օդ, համենայնդեպս կադրերում այդպես է երևում): Կրակահերթից կարելի է եզարակացնել, որ երկուսն էլ ինքնաձիգով են:

Սրանք կադրեր են, որոնց մասին երբեք խոսք չի գնացել: Ու եթե իրականում ՀՔԾ ցանկություն ունի ամբողջապես բացահայտել 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցածը, ապա պետք է պրզի, թե ովքեր էին քաղաքացիների շարքերից օդ կրակողները ու արդյո՞ք հետագայում էլ միայն օդ են կրակել:

Իհարկե շատերը կարող են ասել, որ դրանք սադրիչներ են ումենք էլ կարող ենք նրանց հետ համաձայնել, բայց դա կլինի զուտ ենթադրություն: Ահա այստեղ է, որ շատ մեծ անելիք ունի ՀՔԾ-ն, որպեսզի մենք վստահ լինենք, թե ովքեր են կրակողները:

Կդրերից համենայնդեպս պարզ երևում է, որ կրակող քաղաքացիները գտնվում են այլ քաղաքացիների հետ միևնույն տարածքում, ու եթե նրանք իշխանական սադրիչներ լինեին, ապա նրանց շրջապատող ցուցարարները վստահաբար կարձագանքեին նրանց գործողություններին:

Բայց այստեղ կարևոր է գուշակություններով չզբաղվելը: Ուստի առաջարկում ենք ՀՔԾ-ին մեր կատարած աշխատանքի արդյունքում բացահայտված կադրերը վերցնել ուսումնասիրության ու բացահայտել իրականությունը նաև այս մասով:

Հ.Գ. Այս տեսանյութի հրապարակումը և մեր պահանջը բացահայտել ամբողջ ճշմարտությունը, ամենևին էլ չեն նշանակում, որ նախորդ իշխանությունների մեղքերը պետք է ներել ու 10 քաղաքացիների սպանության համար իշխանությունները չպետք է պատասխանատվություն կրեն: Մեր նպատակն է օգնել նոր իշխանություններին լիարժեք բացահայտել գործը, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն, անկախ այն հանգամանքից, թե նրանք այդ օրերին որ ճամբարում են գտնվել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել