ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ։

«Ձեզ նվիրված այսօրվա տոնը բոլորինս է, տոն, որի մեջ երազանք ու իրականություն կա, երախտագիտություն ու հարգանք, ամփոփված մեկ՝ Ուսուցիչ բառի մեջ: 
Ուսուցիչը ոչ միայն հատուկ դեր, այլև առանձնահատուկ տաղանդ ունի՝ իր վրա վերցնել սովորեցնողի, բացահայտողի, դաստիարակողի պատասխանատվությունն ու դառնալ մեր կյանքի կարևորագույն գործող անձերից մեկը:

Ինտերակտիվ գրատախտակները, էլեկտրոնային գրքերը չեն կարող ուսումն ու դպրոցն ավելի գրավիչ դարձնել, եթե չկա այն Ուսուցիչը, ով կարող է հետաքրքրություն առաջացնել աշակերտի մեջ, ով կարող է օգնել նրան՝ ճանաչելու աշխարհը: 

Ինչքան էլ արագ փոփոխվի կյանքը, ինչքան էլ զարգանան տեխնոլոգիաները, ցանկացած տարիքում բոլորս Ուսուցչի կարիքն ունենք, այն Ուսուցչի, որի խոսքն ուղղել է մեր միտքը, որի տված գիտելիքը դարձել է առաջնորդող ուժ և մեզ օգնել նույնպես առաջնորդ դառնալ, առաջնորդ՝ մտածելու և գործելու, առաջնորդ՝ աշխատելու և պայքարելու, և իհարկե, առաջնորդ՝ առաջնորդելու առումով:

Այսօրվա Հայաստանում հասարակությունն սպասում է մեծ փոփոխությունների, ինչն արտահայտվում է նաև գաղափարների, ուսման նպատակների, սպասումների մեջ: 

Ձեզ բախտ է վիճակված լինել նոր ժամանակների Ուսուցիչը, ումից ավելի մեծ են ակնկալիքները, ում աշակերտներն ավելի պահանջկոտ են, ում տված գիտելիքն ավելի պահանջարկված է:

Ուսուցիչը որպես կոչում շարունակում է լինել առանձնահատուկ: Այդպիսին էլ պետք է մնա մեր՝ աշակերտներիս վերաբերմունքը ձեր՝ ուսուցիչներիդ հանդեպ: 
Շնորհավորում եմ ձեզ այսօրվա լուսառատ տոնի առթիվ: 

Առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին», - ասված է նախագահի ուղերձում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել