«Մենք պատրաստ ենք, էլի ենք պատրաստ, մենք մեր ժողովրդի հետ եղել ենք, էլի կանք, այնպես չէ, որ ուզում ենք խանգարել»,- այս մասին «Կենտրոն» ՀԸ եթերում «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ հայտարարեց Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու վերաբերյալ վարչապետի հայտարարությունների մասին։

Դիտարկմանը, թե վարչապետն ասում է՝ միայն ընտրություններից հետո ներդրումներ կլինեն, Գ. Ծառուկյանն արձագանքեց, որ արդեն կան բազմաթիվ ներդրումներ, արևային պանելների, սրբիչի, ՏՏ ոլորտներում և այլն։ «Հիմա, որ ասում են՝ ներդրումների հոսքը կանգ է առել, հիմա հոսքը կանգնել է ոչ թե օրենքի համար… Բոլոր պատգամավորներն էլ կողմնակից են ներդրման զարգացմանը, եթե այսօր ճանապարհով 2 մեքենա գնում են, քո գործընկերներն են, կանգնեցնում են, պառկեցնում ասֆալտին, նկարում, ո՞ր մարդը կգա, սովորական մարդուն խի են կանգնեցնում։ Այսօր հիմնական խնդիրն այն է, որ պարոն վարչապետն այդ հակահեղափոխական մարդկանց իր թիմում պիտի ման գա»,- ասաց Ծառուկյանը։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե Ն. Փաշինյանն ու ՔՊ-ականները պնդում են՝ ժողովուրդը դեկտեմբերին է ուզում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա ԲՀԿ նախագահն արձագանքեց. «Ժողովուրդն ուզում է դեկտեմբերին, ժողովրդի ցավը տանեմ, եթե ժողովուրդն ուզում է դեկդեմբերին, մենք էլ ենք ուզում։ Ես ինչ անում եմ, ժողովրդի համար եմ անում, որ այդ հնարավորությունը, ծանոթությունս օգտագործեմ երկիրը զարգացնելու համար»։

Նա հայտարարեց, որ հանդիպումներ է ունենալու արտախորհրդարանական այն ուժերի հետ, որոնք հանդիպումներ չեն ունեցել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ՀՀԿ, Ծառուկյան և ՀՅԴ խմբակցություններն հոկտեմբերի 2-ի երեկոյան արտահերթ նիստում հրատապ կարգով ընդունեցին «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Քվեարկությունը տեղի ունեցավ առանց ուղիղ հեռարձակման, լրագրողների մուտքը փակ էր նիստին։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, ըստ Սահմանադրության, վարչապետը պետք է հրաժարական տա, որից հետո երկու անգամ խորհրդարանը պետք է չկարողանա ընտրել վարչապետ, և ԱԺ-ն արձակվի օրենքի ուժով։ Այժմ օրենքի նախագիծը սահմանում է, որ եթե կա խոչընդոտ ԱԺ նիստը շարունակելու, ԱԺ նիստը պետք է ընդհատվի, ոչ թե համարվի չկայացած:

Այս օրենքին կողմ քվեարկելուց հետո հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։

Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ այսօր երեկոյան հանդիպում էր նշանակել ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ՝ տեղեկանալու վերջին քվեարկության և դրան հաջորդած իրադարձությունների մասին: 

Իսկ հաղորդման ժամանակ, անդրադառնալով կառավարության մաս չկազմելուն, նա ասաց, որ պաշտոնի երբեք չեն ձգտել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել