Ոնց որ Փաշինյանի կադրային ընտրությունները դեպի լավն են գնում, ու վարչապետը փորձում է չշարժվել «թող ՔՊ-ական լինի, բայց պաշտոն ստանա» կարգախոսով։

Առաջին քայլն արդեն Ֆելիքս Ցոլակյանին ԱԻ նախարարի պաշտոնն առաջարկելն էր։ Ինչպես հաղորդում են, Ցոլակյանը չի մերժել այդ առաջարկն, ու այս դեպքում կոնկերտ ճիշտ ընտրություն է ԱԱԾ նախկին աշխատակցին այդ ոլորտը վստահելը։ Ես վստահ եմ, որ Ցոլակյանը պատվով կկատարի այն ծառայությունը, որը մինչև այդ կատարել են Արմեն Երիցյանը և Դավիթ Տոնոյանը։

Հիմա պետք է հուսալ, որ մյուս պաշտոններում ևս կնշանակվեն գործից հասկացող ու գրագետ կադրեր, իսկ ՔՊ-ական նորաթուխ դեմքերը, ովքեր 40 հազար քառակուսու և ԵԽԽՎ-ի մասին պատկերացում չունեն, կարող են պարզապես երկրորդական կամ, ավելի լավ է, երրորդական պաշտոններ ստանան, մինչև կհասնեն այն մակարդակին, որ ավելի լուրջ աշխատանքներ կարողանան կատարել։

Իսկ մնացած քաղաքական ուժերը պետք է խելքները գլուխները հավաքեն, որպեսզի Հայաստանն այս վիճակից հեշտությամբ դուրս բերեն, պետք է ամեն մեկն իր ուժերի չափով պատրաստ լինի որևէ ոլորտ ոտքի հանել։ Սա պետություն է, որը ոչ մեկդ ձեր հոր տանից չեք բերել։ Ձեզ հետ, թե առանց ձեզ Հայաստանը հզորանալու է, այլ տարբերակ չկա, ուղղակի դուք հնարավորություն եք ստացեք ձեր անունները գրելու այդ պատմության մեջ։ Իսկ թե հետագայում սերունդները ձեզ լավով կհիշեն, թե վատով, դա արդեն ձեր որոշումներից է կախված։

Հ․Գ․ Հա, մեկ էլ, չե՞ք հոգնում էս ժողովրդին պատերազմով վախեցնելուց։ Ես ձեր տեղը լինեի, արդեն վաղուց հոգնել էի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել