Armenpress.am-ը գրում է.

Կենդանաբանական այգում ներտեսակային պայքարի հետևանքով գրանցվել է թվով 1 անդրկովկասյան գորշ արջի անկում:  

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրել են  Կենդանաբանական այգու հանրային կապերի ծառայությունից, արջերի ներտեսակային պայքարները կարող են դրսևորվել թե բնության մեջ, թե, որոշ դեպքերում, անազատ պայմաններում՝ կախված վերջիններիս սոցիալական խմբում առկա հիերարխիկ կառուցվածքից, կենդանու ինքնապաշտպան վարքագծից, բազմացման սեզոնին ընդառաջ կամ պայմանավորված այլ կենսաբանական գործոններով:

Թեպետ նման ներտեսակային պայքարներն ու վարքագծային դրսևորումները հատուկ են մեծ գիշատիչներին, սակայն տվյալ դեպքում այգում տարիներ շարունակ պահվող գորշ արջերը դրսևորել են անկանխատեսելի վարքագիծ՝ հարձակվելով շուրջ 6 ամիս հարևանությամբ ապրող մյուս էգ արջի վրա, որի հետևանքով գրանցվել է առավել թույլ տեսակի անկում՝ մահվան ելքով:

Ելնելով կենդանու հարձակման արագությունից և անկանխատեսելիությունից՝ հնարավոր չի եղել արագ արձագանքման միջոցով կանխարգելել պայքարի ելքը՝ ժամանակավոր քնեցնելով կամ զատելով կենդանիներին:

Սա եզակի դեպք չէ կենդանաբանական այգիներում պահվող գիշատիչների համար, և կենդանաբանական այգիների պատմության ընթացքում գրանցվել են մի շարք նմանատիպ դեպքեր:

Ներկայումս Կենդանաբանական այգու տնօրինության կողմից կատարվում է փորձաքննություն դեպքի առնչությամբ: Երևանի կենդանաբանական այգում այս պահին ապրում են ընդհանուր թվով  17 անդրկովկասյան գորշ արջեր:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել