Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի հետ: 

Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել հիմնադրամի և, մասնավորապես, նրա նախագահ Վարդան Գրեգորյանի կողմից մեր երկրում իրականացվող գիտական, կրթական, մարդասիրական ծրագրերը։ 

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում «Կարնեգի» հիմնադրամի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:

Խոսելով հիմնադրամի գործունեության մասին՝ Վարդան Գրեգորյանն ասել է, որ իրենք պատրաստ են աջակցել այն նախաձեռնություններին ու գաղափարներին, որոնք կնպաստեն Հայաստանի առաջընթացին։

Նախագահ Սարգսյանը հատկապես կարևորել է կրթական ծրագրերը՝ նշելով, որ զարգացած և առաջադեմ երկիր ունենալու հիմնական գրավականը կրթությունն ու գիտելիքն են։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, համահայկական կարևորություն ունեցող օրակագային հարցերի, հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման հեռանկարների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել