Հայաստանի Հանրապետությունում առկա է քաղաքական ճգնաժամ, որը ունակ է վերածվելու սահմանադրական ճգնաժամի` դրանից բխող բոլոր ծանր և անդառնալի հետևանքներով:

Ճգնաժամի հանգուցալուծումն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են` ՀՀ Սահմանադրության և օրենսդրության շրջանակներում, ինչպես տեղի ունեցավ մայիսի 8-ին՝ ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ: Սակայն արտահերթ ընտրությունները չպետք է լինեն ինքնանպատակ և պետք է իրականում լուծեն առկա ճգնաժամը` չխորացնելով այն և լրացուցիչ վտանգներ չառաջացնելով ՀՀ ազգային անվտանգության համար:

Անձնապես լինելով շահագրգռված այս ճգնաժամի շուտափույթ հանգուցալուծմամբ և հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելով՝ այնուամենայնիվ, ինձ մոտ առաջացել են մի քանի հարցեր, որոնց պատասխանելու դեպքում միայն հնարավոր կլինի հասկանալ ՀՀ նորագույն պատմության մեջ կարևորագույն ընտրությունների անցկացման ժամկետները, ձևը և ընթացակարգը:

1. Կարո՞ղ է արդյոք ընտրությունների արդյունքներով շահագրգռված քաղաքական ուժը ներկա իրողությունների պայմաններում կազմակերպել և անցկացնել իրականում ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրություններ։

2. Պատրա՞ստ են արդյոք ՀՀ պետական ինստիտուտները, հասարակությունը, քաղաքական ուժերն արտահերթ ընտրական գործընթացների։

3. Ո՞ր ընտրական օրենդրությամբ պետք է անցկացվեն արտահերթ ընտրությունները, պահպանվելո՞ւ է արդյոք ռեյթինգային` մեծամասնական ընտրակարգը։

4. Հնարավո՞ր է արդյոք ներկայիս իրողությունների պայմաններում ունենալ քաղաքական ընտրություն` ձերբազատված զգացմունքային գերակշռող մթնոլորտից։

5. Պե՞տք է արդյոք հավասար ստարտային պայմաններ ստեղծել բոլոր քաղաքական ուժերի համար` ընտրությունների արդարությունը, ազատությունը, թափանցիկությունն ու մրցակցայնությունը երաշխավորելու, ինչպես նաև դրա արդյունքները համընդհանուր ընդունելի դարձնելու համար։

6. Ձևավորվա՞ծ է արդյոք վստահություն միջկուսակցական, միջանձնային և միջխմբային հարաբերություններում։

7. Հնարավո՞ր է արդյոք երաշխավորել վարչական ռեսուրսի օգտագործման բացառումը համապետական ընտրություններում։

ՀԳ. Որպես ելակետ պետք է ֆիքսել մեկ բան. ներկայիս իրավիճակի համար ամբողջական և մասնակի պատասխանատվություն են կրում մինչ այժմ իշխանության եղած կամ իշխանական կոալիցիայի մեջ մտնող բոլոր քաղաքական ուժերը, և այդ ուժերը պետք է պատրաստ լինեն առերեսվել պետության և ժողովրդի առջև գործած իրենց մեղքերին և ենթարկվեն քաղաքական պատասխանատվության:

Քաղաքական պատասխանատվության ծավալն ու խորությունը պետք է որոշի ՀՀ քաղաքացին`ընտրությունների ընթացքում իր կողմից ընտրության արդյունքներով:

ՀԳ2. Երևանի ավագանու ընտրությունները, որքան էլ որ անցան առավելագույն բարձր մակարդակով և չվիճարկվեցին ոչ մեկի կողմից, իմ խորին համոզմամբ՝ ունեին լոկալ բնույթ և չեն կարող նույնացվել համապետական ընտրությունների հետ` իրենց քաղաքականացվածության, կարևորության և կենսական նշանակության առումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել