Armenpress.am-ը գրում է.

ԱԺ Ելք խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ ԱԺ կանոնակարգի փոփոխության օրինագծի ընդունման նպատակը հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացում է եղել: Պատգամավորը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«ԱԺ կանոնակարգի փոփոխությունների օրինագծի հապճեպ ընդունումն ինձ համար անակնկալ էր: Դրա քվեարկությունը պետք է լիներ այսօր առավոտյան: Հետևաբար՝ այդ շտապողականությունը մեկ նպատակ ուներ՝ կոնսոլիդացնել հակահեղափոխական ուժերին մեկ առանցքի շուրջ, նաև իր ուժը ցուցադրելը»,-ասաց Աղազարյանը:

Նա համաձայն է, որ պատգամավորի աշխատանքը չպետք է խոչընդոտվի, բայց, մյուս կողմից, կարծում է, որ պատգամավորները պետք է հասկանան,  որ այդ օրենքի նախագծի ընդունումը հակասահմանադրական է: «Սահմանադրությունն ասում է, որ եթե տասնչորս օրվա ընթացքում վարչապետ չի ընտրվում, ապա ԱԺ-ն օրենքի ուժով ցրվում է: Օրինագիծն առաջարկողներն ասում են, որ հանեն այն օրերը, որոնց ընթացքում ինչ-ինչ  պատճառներով կխոչընդոտվի նրանց աշխատանքը: Օրենքը հակասահմանադրական է, իրենց նպատակը՝ քաղաքական»,-նշեց Աղազարյանը:

Անդրադառնալով վարչապետի թեկնածու չառաջադրելու համար վարչապետին առաջարկված հուշագրին՝ նա նշեց՝ եթե նույնիսկ հուշագիր ստորագրեն, կարող են դրժել, բայց պետք է հաշվի նստեն համաժողովրդական իրավիճակի հետ և խոհեմ գտնվեն:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը ՀՀԿ հրավերով հոկտեմբերի 2-ին ժամը 19:30 –ի հրավիրված արտահերթ նիստում ընդունվեց 67 կողմ ձայնով: Կողմ էին քվեարկել պատգամավոր ՀՀԿ-ից, Ծառուկյան դաշինքից և ՀՅԴ-ից: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք անցկացրեց Բաղրամյան պողոտայում, հետո գնաց ԱԺ և բանակցեց խմբակցությունների հետ: Ընդունված փոփոխությամբ, եթե ԱԺ պատգամավորների համար խոչընդոտող հանգամանքներ լինեն նիստին մասնակցելու համար, ապա ԱԺ նախագահը կարող է նիստը հետաձգել : Ելք-ը դեմ էր արտահատվել դրան՝ ասելով, որ դա խորհրդարանը ցրելը կանխելու փորձ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել