Մահացել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը՝ Վալերի Գրիգորյանը:
Այս մասին լուրը հաստատեց Արմեն Գրիգորյանի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը:
«Նա մեկնել է Արցախ` հուղարկավորությանը ներկա գտնվելու համար»,- ասաց Քոչինյանը՝ նշելով, որ ավելին մեկնաբանել չի կարող:
Tert.am-ը կապվեց Արցախի ոստիկանություն, որտեղից լրատվական ծառայության պետ Ֆելիքս Հարությունյանը հաստատեց, որ ստացել են ահազանգ Վալերի Գրիգորյանի ինքնասպանության մասին։

«Երեկ գիշեր ահազանգել և հայտնել են, որ հայտնաբերվել է ձեր նշած քաղաքացու դին՝ պարանով կախված վիճակում: 

Պարզվել է, որ առանձնատան հարակից տարածքում քաղաքացին ինքնասպանություն է գործել»,- ասաց Հարությունյանը։

Նա հայտնեց, որ դեպքի վայրում իրավապահները համապատասխան աշխատանքներ են կատարել, հանգամանքները պարզվում են, քննությունն է կատարվում։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկություն էր տարածել, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 23:45-ին, Մարտունի քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Մ. Գ.- ն հեռախոսով ոստիկանության Մարտունու շրջբաժին է հայտնել է այն մասին, որ նույն օրը Մարտունի քաղաքի առանձնատներից մեկում հայտնաբերել է հորեղբոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ Վ.Գ.-ին պարանով կախված վիճակում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Վ. Գ.-ն նույն օրն իր առանձնատանը կից բանջարանոցում, թթենու ծառի ճյուղից պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել