«ՀՀ առողջապահության ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանի սեպտեմբերի 7-ի հրամանի շուրջ դժգոհությունները չեն դադարում: Ըստ այդմ, նախարարության գլխավոր մասնագետներն այլևս հանդես են գալիս որպես խորհրդատուներ:

Հիշեցնենք, որ Թորոսյանը թաքուն-թաքուն ամբողջովին փոփոխել էր ԱՆ գլխավոր մասնագետների ինստիտուտը՝ առանց հաշվի նստելու երկար տարիների գլխավոր մասնագետների հետ:

Ավելին՝ Թորոսյանը ինքնուրույն որոշել էր նաև կրճատել գլխավոր մասնագետների, այժմ արդեն խորհրդատուների թիվը՝ 76-ից հասցնելով 45-ի: Եվ ամենակարևորը, փոփոխությունների է ենթարկել նաև նրանց կազմը, առաջադրվող պահանջ-պայմանները և գործառույթների շրջանակը: Իսկ խորհրդատուների ցանկը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: 

Համենայն դեպս, մինչև հիմա գլխավոր մասնագետ են համարվել այդ ոլորտի կարկառուն ներկայացուցիչները, որոնք ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս որպես բժիշկ մեծ համբավ ունեն:
Բայց սա առաջին դեպքը չէ, երբ Թորոսյանն իր մտերիմներին «նշանակում է» կարևոր պաշտոնների: Թեև գլխավոր մասնագետը պաշտոն չէ և այն կրողը երբևէ չի վարձատրվել, այնուամենայնիվ այս դեպքում Թորոսյանը դարձյալ չի մոռացել իր ընկերներին, մտերիմներին և նրանցից մի քանիսին նշանակել է խորհրդատու:

Իսկ նրանք, ովքեր ցանկից դուրս են մնացել և  այլևս չեն կոչվելու գլխավոր մասնագետ, այդ մասին տեղեկացել են պատահական. մեկին գործընկերն է զանգով փոխանցել, մյուսը մամուլի միջոցով, իսկ մի հատվածն էլ մեր զանգից հետո: Այս մասնագետների թվում է նաև գլխավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը, «Աստղիկ» ԲԿ-ի նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը և այլք:

Եվ ամենասարսափելին՝ առողջապահության ՔՊ-ական նախարարը ցանկը կրճատել է, որտեղ տեղ չեն գտել կարևորագույն մասնագիտություններ:    

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցանկում տեղ չեն գտել կարևորագույն մասնագիտությունները՝ գենետիկան և ռևմատոլոգիան»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել