Armenpress.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի շենքից «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով դիմեց ԱԺ բակում հավաքված քաղաքացիներին: «Խնդրում եմ, որևէ մեկի արժանապատվությունը վիրավողող արտահայտություն չանել: Եթե որևէ պատգամավոր ցանկանա դուրս գալ ԱԺ շենքից, խնդրում եմ, ճանապարհ բացել, որպեսզի առանց որևէ վիրավորանքի նա գնա: Խնդրում եմ մեկնաբանություններով էլ ինձ մի հակադարձեք, սա շատ կարևոր է, սա սիրո և համերաշխության հեղափոխություն է: Որևէ մեկը որևէ մեկի անձնական ինքնասիրությունը չպետք է վիրավորի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը գտնվում է ԱԺ շենքում՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ բանակցություններ վարելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հոկտեմբերի 2-ի երեկոյան հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշել էր, որ ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել և պատրաստվում է կողմ քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել: Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:     

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել