Armenpress.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց՝  եթե իրենց կողքին տեսնեն Հանրապետական կուսակցության որևէ պատգամավորի՝ պարզապես ժպտան: «Հանրապետական պատգամավորներն Ազգային ժողովի ներսում են և տեղեկատվություն ունենք, որ մտածում են, թե ինչ լավ կլինի, որ հակահեղափոխական պատգամավորներից մեկը դուրս գա և ժողովուրդը նրա նկատմամբ բռնություն գործադրի, քաշքշի: Նրանց նպատակն է, որ ցույց տան, թե ՀՀ-ում բռնի ուժով տեղի է ունենում չգիտեմ ինչ: Եթե ցույցի մեջ կանգնած կտեսնեք ՀՀԿ-ական պատգամավորի՝ ուղղակի ժպտացեք»,- դիմելով հավաքվածներին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հոկտեմբերի 2-ի երեկոյան հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշել էր, որ ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել և պատրաստվում է կողմ քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել: Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել