Analitik.am-ը գրում է․

Analitik.am-ի հետ կապ հաստատեց  «Զատիկ» մանկատան սաներից Դավիթ Ամոյանը , ով այս պահին գտնվում է հիվանդանոցում: Նա ասաց, որ խիստ վրդովված է, քանի որ   Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանն Դավիթի ընկերների հետ զրույցում ասել է, որ անընդհատ կապի մեջ է բժիշկների հետ՝ նշելով, որ իրեն դուրս են գրելու. «Դեռևս բուժվում եմ և ինձ բուժող բժիշկն ասել է, որ դուրս գրելու մասին խոսք անգամ գնալ չի կարող: Իսկ ինչ վերաբերում է Արսեն Մանուկյանի հայտարարությանը, որ նա անընդհատ կապի մեջ է իմ բժշկի հետ, և ես շուտով դուրս եմ գրվելու, դա սուտ է: Ես երեկ անձամբ եմ խոսել իմ բժշկի հետ, և նա ինձ ասել է, որ ոչ ոք պետական մարմիններից իրեն չի զանգել:

Արդեն 8-րդ օրն է,որ հիվանդանոցում սիստեմաներով բուժվում եմ, բայց ոչ մի զանգ Մանուկյանից չեմ ստացել: Չեմ կարող հերքել այն, որ Մանուկյանը 10 օր առաջ խոսել է մեր հետ և բնակարան ու գործ է առաջարկել, ես սիրով ընդունել եմ դա, բայց այդ օրվանից մինչ օրս նա մեր զանգերին չի պատասխանում»,-ասաց Դավիթը՝ հավելելով,  որ իրենք արդեն պետք է ունենային իրենց բնակարանն ու աշխատանքը:

«Արդեն 10-րդ օրն է, որ մենք պետք է գնայինք ապրեինք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Մանուկյանի առաջարկած բնակարանում և զբաղվեինք մեր աշխատանքով»:

Դավիթը նաև նշեց,  որ հացադուլը սկսելուց 2 օր առաջ խոսել է Մանուկյանի հետ. «Ասեմ ավելին՝ հացադուլը սկսելուց 2 օր առաջ խոսել եմ Մանուկյանի հետ և ասել, որ մնալու տեղ չունեմ, իսկ նա ինձ պատասխանել է, որ մի 2 օր էլ յոլա գնամ, որովհետև մեր տան հարցը լուծվում է, իսկ հիմա արդեն 10-րդ օրն է, որ յոլա եմ գնում: 8-րդ օրն է, որ հիվանդանոցում եմ և բացի հիվանդանոցի աշխատակիցներից ու տնօրինությունից, ոչ մի պետական մարմնի աշխատակից չի եկել և չի հետաքրքրվել ինձանով: Բժիշների ու տնօրինության վերաբերմունքն այնքան լավ է իմ հանդեպ, որ խոսքեր չեմ գտնում ասելու, այնքան լավ մարդիկ են, որ անգամ աշխատանք են առաջարկել»:

Նա նշեց նաև, որ գտնվում է 1-ին հիվանդանոցի «Զինվորի տուն» շենքում .«Ես հիմա գտնվում եմ «Զինվորի տուն» շենքում և ասեմ, որ անգամ զինվորները, ովքեր անվասայլակին են գամված, գալիս են ինձ տեսնելու, բայց այսօր ում գալուն ամենաշատն եմ սպասում՝ պարոն Մանուկյանն է, որ գա ու տեսնի իմ վիճակն ու այլևս սխալ տեղեկություն չհաղորդի ընկերներիս: Ոչ մի սպասելիք չունեմ, կյանքս դրել եմ կշեռքի վրա և ես զգում եմ, որ աստիճանաբար լրջանում է ամեն ինչ, զգում եմ՝ ինչպես է օրգանիզմս թուլանում, բայց դա ինձ չի վախեցնում: Ես շարունակելու եմ այնքան, մինչև իմ և ընկերներիս հարցին լուծում տրվի»:

Դավիթը նաև  ասաց, որ դիմել են նաև վարչապետ Փաշինյանին. «Շատ տեղեր ենք դիմել՝ անգամ պարոն Փաշինյանին, տեղեկություն ունենք նաև, որ Փաշինյանը կարգադրել էր զբաղվել մեր հարցով և կարելի է ենթադրել, որ կամ իր գլխից են թռնում կամ նա տեղյակ չի, որ մեր հարցով չեն զբաղվել: Չնայած չեմ հավատում, որ տեղյակ չի, որովհետև մանկատան սաներն արդեն 10 օրից ավել Կառավարության շենքի դիմաց են՝ իր աշխատասենյակի դիմաց, իր աչքի առաջ՝  ինչպե՞ս կարող է չնկատի: Հեծանիվով գործի է գնում, ինչպե՞ս կարող է չնկատի: Հիմա մանկատան սաները  դուրսն են քնում, և ես էլ հիվանդանոցից դուրս գալուց հետո իրենց եմ միանալու»:

Analitik.am-ը զրուցեց նաև Դավիթին բուժող բժիշկների հետ: 1-ին հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գայանե Վարդանյանն ասաց, որ ոչ մի զանգ և այց չի եղել. «Ոչ ես, ոչ մյուս բժիշկը ոչ մեկի հետ չենք խոսել: Դավիթը դեռ դուրս չի գրվում, որորվհետև առողջական խնդիրներ ունի, ուղղակի հինցշաբթի  ես և 2 բժիշկ տեղափոխվելու ենք Միքայելյան հիվանդանոց, իսկ Դավիթի հարցի մասին պետք է խոսենք ադմիստրիացիայի հետ: Ինչ վերաբերվում է նրան, որ Մանուկյանը մեր հետ կապի մեջ է եղել, նման բան չկա, նրա կողմից ոչ մի զանգ չենք ստացել»:

Դավիթին բուժող բժիշկ  Բադալյան Գայանեն էլ մեզ հայտնեց, որ  ինքն անձամբ ոչ մեկի հետ Դավիթի մասին չի խոսել և ոչ էլ դուրս գրելու հայտարարություն է արել. «Ինձ հետ Դավիթի հարցով ոչ ոք չի կապվել և չի խոսել, իսկ եթե անգամ կապված լինեին, մենք ղեկավարությանը կհայտնեինք այդ մասին: Ոչ մի խոսակցություն ընդհանրապես չի եղել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել