ՀՀ նախագահ Արմեն սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ.

«Անասելի ցավ ապրեցի ծանր հարվածից` Ազնավուրն այլևս չկա...

Համայն մարդկությունը կորցրեց 20-րդ դարի ամենազգայուն հոգիներից մեկին:

Շառլը մարդու հավաքական կերպարն էր՝ իր հույզերով ու ապրումներով, կյանքի դժվարություններով ու երազանքներով, սերերով ու ատելություններով:

Դարի նման ձգվող իր երկար կյանքի ընթացքում իր հոգեպարար երգերով, իր անկրկնելի կերպարով որքա՜ն հույս է վառել նա միլիոնավորների սրտում, որքա՜ն ցավեր ամոքել...

Գրեթե մեկ դար գլորած բեմի հսկան դեռևս զսպանակի նման պիրկ ու ամուր էր լուսարձակների առջև, նրա անկրկնելի ձայնը դեռևս փոթորկում էր մարդկային հոգին, պատանիներն ու երիտասարդները, արդեն ճերմակած նրա միլիոնավոր երկրպագուները վարակվում էին կյանքի այն լուսավոր սիրով, որ ճառագում էր Հավերժի այդ ճամփորդից:

Մեզնից հեռացավ Հայը, որը միայն ֆիզիկապես էր գտնվում հայրենիքից դուրս. Հայրենիքը նրա մեջ էր, նա` Հայրենիքի…

Համաշխարհային ու հայկական մշակույթից պոկվեց մի մեծ ու վառվռուն ասուպ, որն իր հետագծով շարունակելու է հավերժական ճամփորդությունն արվեստասերների հոգում և սրտում…

Ես կորցրի իմ լավագույն բարեկամներից մեկին, ում հետ յուրաքանչյուր հանդիպում յուրահատուկ էր իր ջերմությամբ ու անջնջելի տպավորությամբ…

Սակայն դու միշտ մեզ հետ ես, սիրելի Շառլ, քո ժողովրդի հետ, քո Հայաստան և Ֆրանսիա հայրենիքների հետ…

Անկեղծորեն ցավակցում եմ և վշտակցում Շառլ Ազնավուրի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, Հայաստանի ու Ֆրանսիայի ժողովուրդներին,Ազնավուրի արվեստի միլիոնավորերկրպագուներին:

Ճամփիդ լու՜յս, Շառլ... »։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել