Վերջին օրերին առավել քննարկվող հարցերից է միասեռականությունն ու դրա նկատմամբ հանդուրժողականությունը: Խնդրի վերաբերյալ արտահայտվեցին քաղաքական, հասարակական գործիչներ, գրողներ, բլոգերներ, քահանաներ, հայտարարությամբ հանդես եկան նաև օտարերկրյա 3 առաքելությունների /կազմակերպությունների/ հայաստանյան գրասենյակներ:

Panorama.am-ը խնդրի վերաբերյալ Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը ճշտելու համար հարցեր է ուղղել Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանին, ով ներկայացնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի պաշտոնական դիրքորոշումը:

- Վերջին օրերին լրատվամիջոցներում ակտիվ քննարկումների առարկա է դարձել Հայաստանում միասեռականության խնդիրը: Խնդրում ենք ներկայացնել Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը երևույթի վերաբերյալ: Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել եկեղեցին այս երևույթի կանխարգելման նպատակով:

- Հայ Եկեղեցին չի կարող ունենալ այլ դիրքորոշում, քան սուրբգրային հայտնությունն է: Ըստ այդմ նույն սեռի մարդկանց սեռական հարաբերությունների առնչությամբ Սուրբ Գիրքը նմանատիպ ընթացքը հռչակում է Աստծո կամքին հակառակ. «Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է» (Ղևտ. 18.22):
Հովվական առաքելության մեջ, սակայն, Հայ Եկեղեցին դաստիարակչական, քարոզչական և բացատրողական աշխատանք է իրականացնում` Աստծո կամքն ու կրոնական ճշմարիտ տեսակետը համասեռամոլ (միասեռական, նույնասեռական) անձանց հասանելի դարձնելու և ըստ այդմ օգնելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրաններին և քրիստոնեական բարոյականության սկզբունքներին հավատարմությամբ կազմակերպելու իրենց կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել