Փաշինյանը Տոնոյանին հանձնարարական տալուց առաջ պետք է գիտակցի, որ Ալիևն այն քաղաքական գործիչը կամ երկրի ղեկավարը չէ, որի ոչ պաշտոնական կամ թեկուզ պաշտոնական որևէ խոսքի կարելի է հավատալ ու դրա վրա հիմնվելով՝ պաշտպանության նախարարին հանձնարակական տալ, որ առաջնագծում որևէ փոփոխություն կատարվի:

Իլհամ Ալիևն այն ղեկավարն է, ով ցանկացած միջազգային հանդիպման ժամանակ փորձում է ինքնահաստատվել ու իր պաշտպանության նախարարին հրաման է տալիս, որպեսզի սահմանի ամբողջ երկայնքով սադրիչ գործողություններ իրականացնեն:

Դավիթ Տոնոյանն այն պաշտպանության նախարարն է, ով պաշտոնապես վստահեցրեց, որ զինված ուժերը պահելու են երկրի ղեկավարի թիկունքը, հատկապես միջազգային հանդիպումների ժամանակ: Կարծում եմ, որ Տոնոյանն ալիևական և հասանովական գործողությունների ավելի մեծ փորձ ունի և ընթացքում կզեկուցի Փաշինյանին, որ առաջնագիծը միշտ պետք է մի փոքր էլ լարված պահել, որպեսզի ադրբեջանական կողմը չփորձի ևս մեկ անգամ ինքնահաստատվել:

Ոչ մի դեպքում չի կարելի հավատալ Իլհամ Ալիևի որևէ խոսքին, մանավանդ այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է նաև Զաքիր Հասանովին, քանի որ Դուշանբեում ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը կարճ զրույցի ընթացքում պայմանավորվել են թուլացնել առաջնագծի լարվածությունը և խոստացել են հանձնարարականներ տալ իրենց պաշտպանության նախարարներին: Ես մի տեսակ վստահ եմ, որ թշնամի երկրի ղեկավարն ամբողջությամբ այլ հանձնարարականներ է տալու, ու նրա պաշտպանության նախարարը կատարելու է այդ հիմարագույն որոշումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել