Հերոսական անպարտելի ոգի, դյուցազունների սխրանքներ և հայ ժողովրդի՝ իր ոսոխների դեմ մղած դարավոր պայքար. Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում երեկ պրեմիերա էր: «Սասնա ծռեր» էպոսը ներկայացման տեսքով հանդիսատեսին մատուցվեց նոր ու ժամանակակից լուծումներով։ BlogNews.am-ը ևս ներկա է  եղել ներկայացման առաջնախաղին, ֆիքսել հետաքրքիր դրվագները կուլիսներից ներս  ու բեմում:

Ներկայացման մեկնարկին րոպեներ են մնացել, հետնաբեմում լարված ու էմոցիոնալ մթնոլորտ է: Դերասաններից ավելի անհանգիստ երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն է, ով էլ ստանձնել է մեծ պատասխանատվություն՝ բեմադրելով ազգային էպոսը. «Փորձել ենք օգտագործել ժամանակակից թատրոնի լեզուն, որը չի ենթադրում միայն տեխնիկական միջոցներ, այլև դերասանական հետաքրքիր կատարումները, սինթեզն արվեստի տարբեր տեսակների հետ: Էպոսի չորս մասերն էլ ներառված են, բայց ընտրել ենք առավել հետաքրքիր հատվածները: Բեմում հնչելու է կենդանի երաժշտություն, դերասանները երգում են, նվագում, պարում: Կլինեն դերասաններ, ովքեր, կերպարանափոխվելով, մի քանի դերում հանդես կգան»,- նշում է ռեժիսորն ու շտապում վերջին ցուցումները տալ մեկնարկից առաջ:

_H2A9067_H2A9064

«Սասնա ծռեր» բեմադրության համար հետաքրքիր թիմ է հավաքվել: Այլ թատրոններից հրավիրվել են դերասանուհիներ Լիլի Էլբակյանը և Սոնա Մաթևոսյանը: Սասունցի Դավթին մարմնավորում է Խորեն Լևոնյանը, ով ի դեպ, տարեվերջին Արմեն Էլբակյանի առաջարկով համալրեց սունդուկյանցիների դերասանական ընտանիքը: «Սասնա ծռեր»-ով Խորենը նշելու է իր նորամուտը թատրոնում: Ներկայացման մեջ ընդգրկվել են նաև Մայր թատրոնի հիմնականում երիտասարդ դերասանները, որոնք փորձելու են նոր մոտեցումներով ներկայացնել «Սասնա ծռերը»:

Դերասանուհի Արաքսյա Ամիրխանյանն, օրինակ, մարմնավորում է արաբ թագուհի Իսմիլ խաթունին: Առաջին հայացքից հակասական կերպար է, որը, սակայն, դերասանուհին այդպիսին չի ընկալում. «Ինձ համար, օրինակ, նրա բոլոր քայլերն արդարացված են: Խոհեմ, խելացի, նպատակասլաց, իր երկրի ու ազգի մասին մտածող կին է նա: Վատ չէր լինի, եթե հարկ եղած դեպքում հայ կանայք մի քիչ նմանվեին Իսմիլ խաթունին: Իհարկե, որոշ ընդվզումներ, այդուհանդերձ, ունեմ կերպարիս հետ կապված: Պետք է ասեմ, որ հիանալի թիմ է հավաքված, առանց ինտրիգների, առանց ավելորդ հպարտության, մենք շատ ենք աշխատել, որպեսզի նոր ներկայացմամբ թատրոնը մեկ այլ մակարդակի կարողանանք բարձրացնել»:

_H2A9065_H2A9076Բեմադրությունը երկու գործողությամբ է՝ նախատեսված 12 և բարձր տարիքի հանդիսատեսի համար: Ռեժիսորը  խոստովանում է՝ ազգային էպոսը բեմադրելն իրեն չի վախեցրել. «Կարծում եմ`«Սասնա ծռերը» կլինի բազմագույն, բազմաշերտ գործ, որը դուր կգա մարդկանց ու հանդիսատեսին կբերի թատրոն: Սպասումները մեծ են, վստահ եմ՝ ներկայացումը կկառուցի դիալոգ դահլիճի հետ, որպեսզի այն ապրի: Մենք որքան էլ նախօրոք կանխատեսումներ անենք, ռիսկերը հաշվարկենք, ամեն ինչ պարզ է դառնում միայն բեմի վարագույրները փակվելուց հետո»:

Ներկայացման մեջ կան շերտեր, որոնք կզարմացնեն հանդիսատեսին. միայն Դավթի և Մելիքի հանրահայտ և տպավորիչ մենամարտը չէ, որ կներկայացվի, կարտացոլվեն մարդկային հարաբերություններ, ազգային մտածողության հատկանիշներ, որոնք գուցե մոռացության են մատնվել: Ռեժիսորը համոզված է՝ թեման առավել քան արդիական է մեր օրերում:

Անդրադառնալով էպոսի բեմադրության լեզվին՝ բեմադրիչն ասաց, որ մաքսիմալ փորձել են չվնասել այն, բայց ամեն դեպքում որոշ բառերի համար փորձել են գտնել հոմանիշներ, որն այսօրվա հանդիսատեսի համար հասկանալի լինի։

_H2A9077_H2A9058_H2A9055_H2A9079_H2A9080_H2A9081_H2A9092_H2A9052_H2A9047_H2A9082_H2A9083_H2A9105_H2A9108_H2A9113_H2A9126Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել