Armenpress.am-ը գրում է.

Սևանա լճի ջրի մակարդակը անցյալ տարվա նույն ժամանակի համեմատ այս պահին մոտ +3 սմ է, այսինքն` կա 40 մլն խորանարդ մետր ավելի ջուր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Սևանա լճի մակարդակը բարձրացել է մոտ 3 սմ-ով: Սակայն ջրի քանակի հետ կապված կա հաստատված ծրագիր` մինչև 1903 մետր պետք է բարձրանա: Մակարդակի բարձրացումը մի մասով բնական երևույթների հետ է կապված: Դրանց ավելացման հարցում մեծ դերակատարում ունեն բնական երևույթները: Ամենամեծ խնդիրը գոլորշացումն է»,-ասաց նախարարը:

Գրիգորյանի խոսքով` իրենց գերատեսչությունն այս մասով ևս ծանր աշխատանք է տանում: 

Կա ջրի շերտ, որը  կասեցնում է օրգանական նյութերի աճը: Նախարարի խոսքով` ջրի մակարդակի էական նվազեցումները բերել են այդ շերտի նվազեցմանը: Դա հանգեցրել էր նրան, որ ունենալով այլ էկոլոգիական կարգավիճակ` մոտ խմելու լճի ստանդարտներին, Սևանն այլ կարգավիճակ ունի: Դրա արդյունքում այս տարի կապտականաչ ջրիմուռների էական աճ եղավ: «Մենք ամենօրյա ռեժիմով տիեզերական պատկերներով հետևում էինք դրանց աճին: Այդ ջրիմուռները ծածկել էին ողջ լիճը: Նման պատկեր վերջին տարիներին չէր եղել: Առաջին պատճառը շոգ եղանակն է, տեղումների պակասը, հարակից բնակավայրերից լիճ թափվող կեղտաջրերը: Վերջին մոնիտորինգի արդյունքում ֆոսֆորի պարունակությունը ևս զգալիորեն ավելացել է, ինչը բացասական երևույթ է»,-ասաց նախարար Գրիգորյանը:

Նախարարը վստահեցրեց` վերականգնման նպատակով նախարարությունը զգալի աշխատանք է կատարում, մշակում ծրագրեր: Կողակը Սևանա լճի էկոհամակարգի համար կարևոր դեր ունի: Ներկայում նախնական հաշվարկներ են անում Սևանա լճում կողակի աճեցման նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել