168.am-ը գրում է.

Իրանը կշարունակի ԱՄՆ-ի պատժամիջոցներին եւ արտատարածքային օրենքներին հակազդելու աշխատանքը: Այդ մասին սեպտեմբերի 27-ին Twitter-ի իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Մենք կշարունակենք ամերիկյան անօրինական պատժամիջոցներին հակազդելու աշխատանքը, ինչպես նաեւ ձգտելու ենք ընդմիշտ վերջ դնել ԱՄՆ-ի ապակայունացնող արտատարածքային օրենքներին»,- նշել է Զարիֆը՝ նկատի ունենալով այն, որ Վաշինգտոնը հարկադրում է մյուս երկրներին կատարել իր կողմից ընդունվող օրենքներն ու որոշումները: Քաղաքական գործիչն ասել է, որ «Իրանը համագործակցելու է գործընկեր պետությունների հետ, որպեսզի ստեղծի նոր շրջակա միջավայր, որտեղ իրենց հարգող պետությունները կկարողանան պաշտպանել իրենց շահերը»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, սեպտեմբերի 26-ին ելույթ ունենալով Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում, հայտարարել է, որ Իրանը Միացյալ Նահանգների համար, հնարավոր է, նշանակալիությամբ երկրորդ մարտահրավերն է Չինաստանից հետո:

Թրամփը նաեւ հերթական անգամ քննադատել է Թեհրանի հետ կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը: ԱՄՆ-ի նախագահը գտնում է, որ Թեհրանը վաղ թե ուշ կվերադառնա իրանական միջուկային դոսյեի շուրջ բանակցություններին:

«Կարծում եմ, որ Իրանը կվերադառնա ինձ մոտ եւ լավ գործարք կկնքի»,-նշել Է նա, հնարավոր համարելով, որ դա կարող է եւ տեղի չունենալ: ԱՄՆ-ի ղեկավարը նաեւ հերթական անգամ պնդել է, որ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանի տնտեսությունը հսկայական դժվարություններ է կրում, քաղաքների փողոցներում տեղի են ունենում բնակչության բողոքի ակցիաներ, իսկ տարբեր ընկերություններ համատարած իրենց բիզնեսը դուրս են բերում Իսլամական Հանրապետությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել