Armlur.am-ը գրում է.

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն արդեն անցյալում են: Եվ քանի որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրություններում մասնակցություւնը չի գերազանցել 50 տոկոսի շեմը, ինչը ներկայիս իշխանությունների ընդդիմախոսներին հիմք է տալիս հայտարարելու, թե նշանակում է` այդքան մարդ դեմ է իշխանություններին: Միայն թե իրականում այդ հայտարարությունները էժանագին մանիպուլյացիայի ժանրից են:

Նշենք, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններին 848 հազար 343 ընտրողից մասնակցել է 370 հազար 365-ը, որը կազմում է ընդրողների 43 տոկոսը: Բացարձակ առաջատարը «Իմ քայլը» դաշինքն էր, որ ստացել է 294 հազար 109 ձայն կամ ընտրությունների մասնակիցների 81 տոկոսից ավելին: Ընտրություններին մեծ փորձ ունեցող եւ այսօր ԱԺ-ում ներկայացված կուսակցություններից ԲՀԿ-ն ստացել է 25 219 ձայն կամ 6.9 տոկոս, ՀՅԴ-ն` 5882 ձայն: Ընդ որում, ՀՅԴ-ն այս անգամ էլ չհաղթահարեց ավագանու անցողիկ շեմը: Փոխարենը ավագանու կազմում անցել է «Լույս» դաշինքը, որ ստացել էր 5 տոկոս:

Մինչ այդ փորձել ենք պարզել, թե ինչպես են անցել Երեւանի ավագանու նախորդ ընտրությունները:

Համամասնական ընտրակարգով Երեւանի ավագանու առաջին ընտրությունները եղել են 2009 թվականին, որին մասնակցում էր 7 ուժ, այդ թվում` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Այդ տարի ընտրողների թիվը կազմում էր 790 հազար, իսկ ընտրություններին մասնակցել էր 404 հազար 634 ընտրող՝ 52.45 տոկոսը:

ՀՀԿ-ն, որի թեկնածուն Գագիկ Բեգլարյանն էր, ստացել էր 186 հազար 630 ձայն, կամ 47.43 տոկոս: Երկրորդ տեղում ԲՀԿ-ն էր` 89 131 ընտրող կամ 22.65 տոկոս: Ավագանու կազմում անցել էր նաեւ ՀԱԿ-ը, որ 69 հազար 140 ձայն կամ 17.5 տոկոս: Մյուս ուժերը, այդ թվում՝ խորհրդարանական կուսակցությունները, չէին անցել ավագանի. ՕԵԿ-ը ստացել էր 20 հազար 106 ձայն կամ 5.11 տոկոս, իսկ ՀՅԴ-ն էլ` 18.094 ձայն կամ 4.60 տոկոս: Այսինքն` առաջին անգամ ընտրության ժամանակ ՀՀԿ-ն չի հավաքել նույնիսկ 50+1 ձայն: Այդ ժամանակ ավագանու անդամներ էին դարձել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը:

Ավագանու հաջորդ ընտրություններն անցկացվեցին 2013 թվականին, որին եւս 7 ուժ էր մասնակցում: Այդ տարի ընտրողների թիվը աճել էր` 790 հազարից դառնալով 816 հազար 494 ընտրող: Ընտրություններին էլ մասնակցել էր 437 հազար 079 ընտրող կամ 53.53 տոկոսը: Այդ տարի ՀՀԿ-ն ստացել էր 235 հազար 515 ձայն, այսինքն` ընտրողների 55.90 տոկոսը: ԲՀԿ-ն հավաքել էր 97 հազար 166 ձայն, այսինքն` 23.06 տոկոս: Այդ տարի էլ, բացի ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից, ավագանու անդամ էր դարձել նաեւ «Բարեւ Երեւան» դաշինքը` հավաքելով 35 հազար 721 ձայն` 8.48 տոկոս: ՀՅԴ-ն հավաքել էր 15 հազար 997 ձայն, 3.80 տոկոս, ՕԵԿ-ն էլ 15 հազար 732 ձայն, այսինքն` 3.73 տոկոս ձայն:

Երեւանի ավագանու հաջորդ ընտրությունները տեղի ունեցան 2017 թվականին: Այս անգամ ընտրությունների մասնակցությունը շատ ցածր էր, եւ մասնակցում էր միայն երեք ուժ, որոնք էլ այնուհետեւ դարձան ավագանու անդամներ: 816 հազար 494 ընտրողի փոխարեն 2017 թվականին այդ թիվը կազմում էր 842 հազար 151 ընտրող, որից մասնակցել են միայն 345 հազար 158-ը՝ 40.9 տոկոսը, այսինքն` մոտ 100 հազար ընտրողով քիչ, քան 2013 թվականին էր: ՀՀԿ-ն ստացել էր 240 հազար 34 քվե` 71.25 տոկոս, «Ելք» դաշինքը` 70.730 (21 տոկոս) եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը` 26.107 ընտրող, այսինքն` 7.75 տոկոս ձայն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել