Yerkir.am-ը գրում է.

Այսօր մամուլում գրել էին, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ վերջին օրերին 254 անձանց զրկել են դիվանագիտական անձնագրից, բայց թե ովքե՞ր են նրանք, անուններ հրապարակել չեն կարող, քանի որ դա անձնական տվյալ է համարվում:

«Մենք պարբերաբար դիմում ենք, որ նրանք, ովքեր ունեն նման անձնագիր, սակայն օրենքով չի հասնում նրանց այդ անձնագիրը, հետ վերադարձնեն այն: Մենք նաև ինքներս ենք ժամանակ առ ժամանակ ստուգում և վերցնում այդ անձնագրերը: «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում սահմանված է այն անձանց ցուցակը, որոնք կարող են կրել ՀՀ դիվանագիտական անձնագիր»,- ասաց Բալայանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին էլ ԱԳՆ-ն պահանջել էր հանձնել իրենց դիվանագիտական անձնագրերն ինչպես նախկին պաշտոնյաներից, այնպես էլ բարձրաստիճան հոգևորականներից` եպիսկոպոսներից, ինչը աղմուկ էր բարձրացրել:

Դիվանագիտական անձնագրի վավերականության ժամկետը հինգ տարի է, և օրենքը սահմանում է, որ պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագիրը պետք է հանձնեն ԱԳՆ-ին: Չհանձնած անձնագրերը ԱԳՆ-ն հայտարարում է անվավեր:

Ըստ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի ՀՀ դիվանագիտական անձնագիր տրվում է`

1) Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, Սահմանադրական դատարանի նախագահին և նրանց ընտանիքների անդամներին.

2) Հանրապետության պաշտոնաթող նախագահին.

3) Ամենայն հայոց կաթողիկոսին.

4) Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորներին.

5) Կառավարության անդամներին, Ազգային ժողովի պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի անդամներին, Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների ղեկավարներին, իսկ կոլեգիալ մարմինների դեպքում` դրանց նախագահներին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին.

6) արտաքին գործերի նախարարությունում և դրան ենթակա մարմնում պաշտոն զբաղեցնող անձանց` ծառայողական գործուղումների նպատակով.

7) օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագիտական ներկայացուցիչներին, դիվանագետներին, սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-6-րդ մասերում նշված ներկայացուցիչներին և ներկայացուցչության համապատասխան աշխատակիցներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին` ամուսնուն և մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող զավակներին, նրանց հետ օտարերկրյա պետություն մեկնելիս:

2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված անձանց դիվանագիտական անձնագիր տրվում է վարչապետի թույլտվությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել