Tert.am-ը գրում է.

15: 12  

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տեխնիկայի անվտանգության պատասխանատու Վաչե Գյոզալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կան վարկածներ, որ Կենտրոնում պայթյունի պատճառը տեխնիկայի անվտանգության կանոնների ոչ ճիշտ կատարումն է եղել:    

«Օպերատորը չի կարդացել՝ ինչ է գրված բալոնի վրա, որպեսզի նոր կատարի իր գործողությունը»,-ասաց նա և նշեց, որ աշխատակիցը նոր չէր: Վաչե Գյոզալյանը ևս հաստատեց, որ բալոնը ԲԿ-ին չի պատկանել: «Մենք չունենք նմանատիպ բալոն, բալոնները նախատեսված են 150 մթնոլորտային ճնշման համար, այդ բալոնը եղել է 45»,-ասաց նա:   

Հարցին, թե ինչպես է այդ դեպքում տվյալ բալոնը հայտնվել թթվածնային կայանում, Գյոզալյանը նշեց, որ հենց դա էլ փորձում են հասկանալ: «Հարցն այդ է և, մեզ համար էլ հանելուկ է, ըստ երևույթին, օպերատորն ինքն է բերել բալոնը, իր համար լիցքավորեր, տաներ»,-ասաց նա:


Նա ևս նշեց, որ պայթյունից զոհված աշխատակցի հերթափոխը չի եղել: «Իր անձնական օգտագործման համար բերել է բալոնը մեր արտադրամասում լիցքավորելու, իր գործողությունները կատարելու համար տունն է պետք եղել, թե մեկ այլ աշխատանքի վայրում, չեմ կարող ասել»,-ասաց նա: 

Դիտարկմանը, թե այդքան հեշտությամբ կարո՞ղ է անձնական նպատակներով օգտվել թթվածնից, Վաչե Գյոզալյանը նշեց, որ չէր կարող. «Աշխատակից էր, դրա համար իրան թույլատրվում է»: 

Հարցին, թե ըստ նրա՝ այդուհանդերձ եղե՞լ է թերացում, և կայանը խնդիր ունի արդյո՞ք, ԲԿ-ի տեխնիկայի անվտանգության պատասխանատուն նշեց, որ սա առաջին դեպքն է: «Մեր թթվածնի կայանի մասին տեղեկություններ կհայտնի ԱԻՆ-ը, որ լավագույնն է համարվում, տարին մեկ անգամ փորձաքննության է ենթարկվում, մեկ ամիս առաջ է անցել, ոչ մի խնդիր չենք ունեցել: Ներկա պահին էլ թթվածնի կայանը աշխատում է, այսինքն՝ եթե խնդիրը լիներ կայանի մեջ, չէր աշխատի, դա նշանակում է, որ խնդիրը բալոնի մեջ է եղել»,-ասաց նա: 

14:31


«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ այսօր կեսօրին պայթյուն է տեղի ունեցել ԲԿ-ի տարածքում գտնվող թթվածնի արտադրման կայանում, որի հետևանքով ԲԿ-ի աշխատակիցը՝ տեխնիկ-օպերատորը, վախճանվել է:


Տնօրենի խոսքով՝ նախնական տվյալներով՝ այդ աշխատակիցն այսօր աշխատանքի չպետք է լիներ, և թթվածնի բալոնը չի պատկանել ԲԿ-ին:


«Փաստն եմ ասում, որ այդ բալոնը չի պատկանել ԲԿ-ին, վարկածներ չեմ ուզում ասել, փորձաքննությունը ցույց կտա, թե ինչ ճանապարհով է այդ բալոնը հայտնվել հիվանդանոցի տարածքում և ինչու»,-ասաց նա:


Հարցին, թե ինչի՞ց են եզրակացրել, որ բալոնը ԲԿ-ինը չէ, տնօրենի ԺՊ-ն ասաց, որ պայթյունից անմիջապես հետո տեղում են եղել, տեսել են, որ բալոնն ավելի փոքր է և ոչ այն տեսքով, որ կան ԲԿ-ում:


Արման Հովակիմյանը նշեց, որ թթվածնի կայանն այս տարի հունիսին է անցել փորձաքննություն և դրական եզրակացություն է ստացել շահագործման համար: Ըստ նրա՝  աշխատակիցներն ունեցել են  տեխնիկական հավաստագրեր, որ կարող են աշխատել կայանում:


ԺՊ տնօրենը հաստատեց, որ թթվածնի կայանի տնօրենը պետք է ազատման դիմում գրեր և նոր աշխատակիցը պետք է ներքին համատեղությամբ համալրեր այդ պաշտոնը:


Դիտարկմանը, որ փաստորեն ամենօրյա ստուգում չի անցել կայանը, ԲԿ-ի տնօրենի ԺՊ-ն պատասխանեց, որ ամենօրյա ստուգում միայն նա չի անցկացնում: «Անցկացնում են տնտեսական գծով փոխտնօրենի տեղակալը, թթվածնի կայանի տնօրենը և ընդունող հանձնող տեխնիկ-օպերատորները: Ամեն օր ստուգում են պարտադիր»-ասաց նա:


Ի դեպ, տնօրենը նշեց, որ պայթյունից մահացած աշխատակիցը Վահրամ Գասպարյանն է: Բացի այդ, մեկ վիրավոր կա, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վտանգավոր վնասվածք չի ստացել, ուսից է թեթև վնասվածք ստացել:


Հարցին, թե հնարավո՞ր է, որ աշխատակիցների թերացման արդյունք լինի պատահարը, տնօրենը պատասխանեց. «Այն, որ ԲԿ-ին չպատկանող բալոն է հայտնվում հիվանդանոցում, եթե դա չհամարենք թերացում, ուրեմն թերացում չէ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել