Երեկ տեղի ունեցած ընտրությունները վերջին 25 տարիների բոլոր ընտրություններից տարբերվում էին ընտրակաշառքի և լարվածության բացակայությամբ և բնույթով ժողովրդավարական էին: Պարզվեց, որ ընտրողների սոցիալական վարքն իրական փոփոխության է ենթարկվել, և սրանից ամենամեծ հետևությունները պետք է անեն քաղաքական ուժերը: Եթե ոչ ժողովրդավարական ընտրություններում հնարավոր է ներկուլիսային պայմանավորվածությունների գնալ և ապահովել սեփական տեղը քաղաքական դաշտում, ապա ժողովրդավարական ընտրությունները դա չեն խոստանում, և երեկվա գրանցված արդյունքներն ասվածի խոսուն ապացույցն են:

ԲՀԿ-ն, «Լույս» դաշինքի քաղաքական ուժերն ու ՀՅԴ-ն վերջնական քաղաքական գերեզմանոցում չհայտնվելու համար պետք է անհապաղ դուրս գան Նիկոլ Փաշինյանի կառավարությունից, քանի որ երեկվանից հետո նույն հաջողությամբ իրենց փոխարեն կարող է լինել ցանկացած երևույթ (օրինակ՝ ծառեր կամ ցանկացած այլ բուսական երևույթ): Պետք է ընդունել պարտությունն ու խորապես գիտակցել այն պարզ իրողությունը, որ այս արդյունքներն անցած 4 ամիսների իրենց վարած քաղաքականության պտուղներն են (սրան առանձին կանդրադառնամ): Հարկավոր է հասկանալ, որ ԲԱՑԱՌԱՊԵՍ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին են պատկանում «հեղափոխության» դափնիները, և ցանկացած փորձ՝ դրան փայ մտնելու, հենց սենց խղճուկ տոկոսների է հանգեցնելու:

Նիկոլ Փաշինյանի թեկնածուն իրավացիորեն հաղթեց, և անկախ այն հանգամանքից, որ երբեք չեմ համակրել ու չեմ էլ համակրելու հաղթած թեկնածուին, միևնույն է, փաստ է, որ այսօր Երևանի քաղաքապետի պաշտոնում երևանցին տեսավ հենց իրեն, ինչի համար երիցս շնորհավորում եմ ՔՊ թիմին:

Մասնակցության ցածր լինելն, իհարկե, վատ է, իհարկե, այս ընտրությունների արդյունքներով չի կարելի ասել, որ Փաշինյանը վայելում է երևանցիների գերակշիռ մեծամասնության աջակցությունը, բայց, կներեք, դա կարող ենք ասել մենք, որ ընտրություններին ներգրավված չէինք և բնավ պարտավոր չէինք ընտրազանգված մոբիլիզացնելու, բայց այ էդ ընտրություններին մասնակցած և հատկապես չմասնակցած քաղաքական ուժերը, կուսակցությունները բարոյական իրավունք չունեն դա շահարկելու: Մասնակցեիք ու մոբիլիզացնեիք ձեր ընտրազանգվածը, պարոնայք: Հիմա մեծ-մեծ խոսելու իրավունք չունեք, դուք պարտված եք և վերջ:

Հ.Գ. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը Երևանի ընտրություններում ընտրողների 43 տոկոսի 80 տոկոսանոց «համաձայնությամբ» հիմնավորելը խիստ դժվար է լինելու, եթե ոչ անհնարին: ՏԻՄ ընտրություններով, այն էլ՝ այսքան ցածր մասնակցությամբ համապետական արտահերթ ընտրություններ հիմնավորելը հիմնազուրկ է և բացի բավականին մեծ հուզական ցանկությունից՝ այլ տրամաբանության չի ենթարկվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել