Իրանի Խուժաստան նահանգի կենտրոն Ահվազում երկու տասնյակից ավելի խաղաղ բնակիչների զոհվելու պատճառ դարձած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնած «ալ-Ահվազիյա» խմբավորումն իրականում Խուժաստանի հանդեպ հավակնություններ ունեցող մի քանի արաբական անջատողական կառույցներ միավորող ցանց է, որը ժամանակին փաստացիորեն ստեղծվել և ուղղորդվել է Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի կողմից։

Հետագայում տարբեր տերերի «ձեռքից ձեռք անցած» և նաև եվրոպական որոշ երկրներում մեկ մարդու մակարդակով ներկայացուցչություններ ունեցող այս ահաբեկչական խմբավորումն այժմ ամենայն հավանականությամբ զգալի օժանդակություն է ստանում այնպիսի արաբական երկրներից, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և վերջինիս՝ Պարսից ծոցի արբանյակ որոշ պետություններ, որոնց Իրանի նախագահ Հասան Ռուհանին վերջերս անվանեց «վարձկան փոքրիկ երկրներ»։

Իրականում Խուժաստանի հանդեպ զանազան հավակնությունները պայմանավորված են ոչ միայն այս տարածքում հսկայական նավթագազային ռեսուրսների առկայությամբ, այլ նաև գաղափարական լիցք պարունակող այն հանգամանքով, որ Պարսքի հետ միասին պատմական Էլամի հենց այս հատվածն է հանդիսացել իրանական կայսերական պետականության քաղաքական և մշակութային խոշորագույն կենտրոնը։

#մերբարեկամԻրանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել