Yerkir.am-ը գրում է․

Տեղեկացրել էինք, որ ՀՅ Դաշնակցության քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն այցելեց Խնկո Ապոր անվան գրադարանում տեղակայված ընտրատեղամաս և կատարեց իր ընտրությունը՝ հանուն բարեկեցիկ, կանաչապատ, միասնական ու համերաշխ Երևանի:

Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ քարոզարշավի ընթացքում եղել է Երևանի բոլոր վարչական շրջաններում, և կարող է ասել՝ ՀՅԴ-ն կայուն ռեսուրս ունի:

Հարցին, թե արդյո՞ք ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգեր լսել են՝ Մանուկյանը պատասխանեց, որ խոսակցություններ են ուղղակի եղել.«Երեկ, սակայն, ոստիկանության կողմից այլ բան տեսանք. պետք է մի փոքր ավելի պրոֆեսիոնալ լինել, ի՞նչ է նշանակում 80 հոգով մտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակ, իսկ վերջում ասել՝ ոչինչ չգտանք: Պետք է ավելի լուրջ մոտենալ այս հարցին: Հիմա լրագրողներն էլ լուրեր են գրում՝ ասելով, թե՝ ըստ հավաստի աղբյուրների՝ այսինչն է պատահել, սակայն, կարծում եմ, ոստիկանությունը պետք է ավելի լուրջ մոտենա ամեն ինչին»:

Մեկ այլ հարցի, թե այն, որ սեպտեմբերի 21-ին ՀՅԴ-ն Արաբկիր համայնքում խորոված էր արել և արդյո՞ք դա չի դիտվում որպես ընտրակաշառք՝ Մանուկյանը պատասխանեց, որ այդ պահն ուղղակի համընկել է ընտրությունների հետ.«Դա քարոզարշավի շրջանակներում չէր, ուղղակի վարչական շրջանի կառույցի կողմից անկախության օրն էր տոնվում»:

Հնարավոր է՝ ՀՅԴ-ն կոալիցիա կազմի հաղթող ուժի հետ՝ Մանուկյանը նշեց, որ ընտրությունների ավարտից հետո պարզ կլինի ամեն ինչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել