Հայաստանում տեղ գտած ներքաղաքական կարևոր փոփոխությունները լիարժեք հնարավորություն են ընձեռում որոշակիորեն վերախմբագրելու նաև արտաքին քաղաքական օրակարգը՝ հնարավորինս ընդգծելով ինքնուրույն, ինքնիշխան դերակատարության և սեփական շահի առաջնահերթությամբ գործելու հանգամանքները: Նշվածի համատեքստում պաշտոնական Երևանի ցանկացած ծանրակշիռ քայլ, որը հիմնավորվում և գնահատվում է նաև ՀՀ շահերի տեսանկյունից, չի կարող ստորադասվել որևէ արտաքին դերակատարի արձագանքի: Այս իրողությունը լավագույնս պրոյեկտվում է Սիրիա հայկական մարդասիրական զորախմբի գործուղման խնդրի հետ կապված:

Դամասկոսի հետ Երևանի հարաբերություններն ունեն պատմական և ռազմավարական նշանակություն, դրանք առավել կարևորվում են Արաբական Հանրապետութունում ավանդական հայկական գաղթօջախի և մի քանի տասնյակ հազար մեր հայրենակիցների գոյությամբ, ովքեր, շուրջ 7 տարի կրելով ներքին զինված հակամարտության հետևանքներով պարտադրված բազմաթիվ զրկանքներ, այսօր էլ զգում են համակողմանի, այդ թվում՝ հայրենիքի հումանիտար աջակցության կարիքը: Հետևաբար, բարեկամական Սիրիային, հատկապես հայաշատ Հալեպ քաղաքին ռազմական բժիշկներով և հումանիտար ականազերծման մասնագետներով աջակցելու հանգամանքը՝ հատկապես ՀՀ պետական դրոշի ներքո, չի կարող որևէ արտաքին դերակատարի հիմնավոր դժգոհության պատճառ դառնալ:

Եվ վերջապես, սիրիական հակամարտության ողջ ընթացքում Երևանի որդեգրած բավական գրագետ և արդարացված դիրքորոշումը զարգացնելու և ամրապնդելու անհրաժեշտություն, նաև հնարավորություն կա արդեն հետճգնաժամային Սիրիայում, իսկ մարդասիրական առաքելությունների ձևաչափը կարևոր մեկնարկային քայլ է այդ ուղղությամբ:

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել